Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենք պատրաստ են փոխադարձ քայլերի՝ Ռուսաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Գագիկ Քամալյանի հետ։
-ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է. «Ուկրաինայում հակամարտությունն ի վերջո կլուծվի․ դա պարզապես ժամանակի հարց է»։ Ի՞նչ հիմքեր կարող են լինել նման վստահ հայտարարության համար։
-Վենսը չի խոսել ժամկետների մասին, ասել է, որ մի օր կավարտվի այդ պատերազմը, իսկ թե երբ կավարտվի, դա է խնդիրը․ բնականաբար, ավարտվելու է, հավերժական պատերազմներ չեն լինում։ Ավարտը մեծամասամբ կախված է Ռուսաստանի դիմադրողականությունից, որովհետև ասել, թե Ռուսաստանը կգա այն գիտակցության, որ սա ուղղակի այլևս քաղաքակրթության, մարդկության դեմ արվող պատերազմ է, այդ երկիրը երբեք չի գա այդ տեսակետին։ Քանի դեռ ռեսուրսները բավականացնում են, Ռուսաստանը շարունակելու է։
Մենք մի շատ կարևոր բան ենք մոռանում, որ Ռուսաստանն ինքը, իր արմատով, կայսրություն է․ կան ժողովուրդներ, որոնք ձևավորել են պետություններ, հետո դարձրել են կայսրություններ, հիմա վերածվել են ազգային պետությունների։ Ռուսաստանը երբեք պետություն չի եղել, այլ ի սկզբանե եղել է կայսրություն և առայսօր շարունակում է մնալ այդպիսին։ Իրենց քաղաքական բոլոր տեսակի դոկտրինները հենց այդ կայսրության տրամաբանությամբ են կառուցվում, և նրանք համարում են, որ այս պատերազմում հաղթելն իրենց կայսրության պահպանման համար է, քանի որ համարում են՝ եթե չլինի կայսրությունը, չի լինի Ռուսաստանը։
Ռուսաստանը նաև ներքին ճշգրտումների կարիք ունի․ Ռուսաստանի ներսում պետք է տեղի ունենան այդ փոփոխությունները, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ 18-րդ դարի՝ իրենց իսկ կողմից սահմանած դոկտրիններից և փորձեն ժամանակակից աշխարհին բնորոշ հոգեբանությամբ նայել իրականությանը։
Իսկ ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, համարում եմ, որ Ամերիկայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցություններում Ամերիկան ուզում է գնալ գործարքի՝ առաջարկելով լուծումներ, իսկ Ռուսաստանը բանակցում է, բայց, բնականաբար, չի գնալու այդ գործարքներին, քանի դեռ համարում է, որ ինքը կարող է հաղթել այդ պատերազմում։
-Ըստ Զելենսկու՝ Ուկրաինան պատրաստ է փոխադարձ քայլերի՝ Ռուսաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար։ Ի՞նչ քայլերի մասին կարող է խոսք լինել, և, ըստ Ձեզ, Ռուսաստանն արդյո՞ք պատրաստ է նման քայլի։
-Տեսե՛ք, մի շատ նուրբ բան տեղի ունեցավ․ Թրամփ-Պուտին հեռախոսազրույց եղավ, ամերիկյան ներկայացուցիչները դրանից առաջ եկան Մոսկվա՝ բանակցություններ էին ընթանում։ Ամերիկյան կողմն անընդհատ փորձում էր ուկրաինացիներին մեղադրել որոշ հարցերում, զսպվածության կոչ էին անում, բայց հեռախոսազրույցից հետո տեղի ունեցավ լայնամասշտաբ հարձակում Մոսկվայի ուղղությամբ։ Դրանից առաջ ԱՄՆ-ի պատերազմի նախարարը մի շարք հայտարարություններ հնչեցրեց՝ շեշտելով, որ ամերիկյան ուժն անգերազանցելի է աշխարհում։ Դրան զուգահեռ էլ Զելենսկին հայտարարություններ արեց, թե 40 օր է պետք իրենց՝ ինտենսիվ հարձակումներ անելու, Ռուսաստանին ճնշելու համար, և հիմա Ռուսաստանն ինչքան փորձի ուժեղացնել ինտենսիվությունը, նրանք ևս կավելացնեն իրենց հակադարձումը։
Կարելի է ասել՝ հիմա ուկրաինական պատերազմի սիտուացիան գտնվում է Միացյալ Նահանգների ձեռքում, և այս ամենը փոխկապակցված էր՝ Զելենսկու այս ագրեսիվ ելույթները, Մոսկվայի ուղղությամբ այդ լայնամասշտաբ հարձակումները։ Միացյալ Նահանգները փորձում է ուժի դիրքերից ճնշել նաև Ռուսաստանին։ Արևմուտքը համարում է, որ շատ դժվար է Ռուսաստանին վերջնական պարտության տանել, կարելի է Ռուսաստանի հետ գնալ գործարքի՝ որոշ զիջումներ անելով նրան, բայց դեռևս պատերազմի հետագա ընթացքը կախված է Ռուսաստանից։
-Թրամփի և Զելենսկու հանդիպումը նախատեսվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Արդյո՞ք նշանակալի փոփոխություններ կարող ենք ակնկալել։
-Չեմ կարծում, որ դրանից հետո ինչ-որ լուրջ տեղաշարժեր կլինեն, որովհետև Զելենսկի-Թրամփ հանդիպումները միգուցե կարող են ինտրիգային լինել կամ այդպիսի տպավորություն ստեղծել, ինչպես իրենց առաջին հանդիպումը Թրամփի վերընտրվելուց հետո։ Բայց կարծում եմ, որ որոշակի պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել զենքի մատակարարումների, գործողությունների ինտենսիվության հարցում։
Այն, որ Թրամփի վարչակազմն հիմա արդեն հասկանում է, որ իրենց սկեպտիկ պատկերացումները Ուկրաինայի մասով շատ ուռճացված էին, և Ուկրաինան առնվազն հիմա կարողանում է դիմադրել Ռուսաստանին և նաև լուրջ հարվածներ հասցնել։ Պատահական չէր, որ Թրամփը խոսեց այն մասին, որ Ուկրաինան կարողացել է լրջագույն հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին, և այդ ամենը Թրամփը մեկնաբանում է այնպես, որ Ռուսաստանի տնտեսությունը գնալով կարող է կոլապսի վերածվել։
Այդ կոլապսը սարերի ետևում չէ, և ամերիկյան կողմը սա հասկանում է․ հիմա հանդիպումից հետո կարող է ռազմական մատակարարումն էլ ավելի ուժեղանալ, որի մասին կարող է չհայտարարվել, և ԱՄՆ-ը կփորձի ճնշել Ռուսաստանին։
Լիլիթ Աբրահամյան
