Հուսիները խոստացել են չհարձակվել Կարմիր ծովում ամերիկյան նավերի վրա – armeniatoday.am

Եմենի հուսիները հայտարարել են, որ չեն հարձակվի Կարմիր ծովում ամերիկյան նավերի վրա։ Շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ Բուխայիթիի խոսքով՝ Վաշինգտոնը կապ է հաստատել հուսիների հետ դեպի Բաբ էլ Մանդեբի նեղուց նրանց արագ առաջխաղացումից հետո։

Ալ Բուխայիթին հայտարարել է, որ հուսիները նեղուցում չեն թիրախավորում ԱՄՆ-ին կամ այլ երկրների՝ բացառությամբ Սաուդյան Արաբիայի։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Էր Ռիադը չի դադարեցրել հուսիների վերահսկողության տակ գտնվող Եմենի շրջանների շրջափակումը և թույլ չի տվել նավերին մուտք գործել նրանց վերահսկողության տակ գտնվող Կարմիր ծովի նավահանգիստներ։ 

Սեպտեմբերի 19-ին հուսիները հայտարարել էին Էր Ռիադում գտնվող թիրախների և Յանբուում Saudi Aramco-ի օբյեկտների ուղղությամբ հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին։ Սաուդյան կոալիցիան հայտնել էր բալիստիկ հրթիռ որսալու և ոչնչացնելու մասին։

Reuters-ը, հղում անելով ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումներին, գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին հրաժարվել է հուսիների դիրքերին ծրագրված հարվածներից։ Մեծ Բրիտանիան, իր հերթին, համաձայնել է Սաուդյան Արաբիային սահմանափակ պաշտպանական աջակցություն տրամադրել՝ օդում ինքնաթիռների վառելիքալցավորման համար։

Leave a Comment