«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով՝ սահմանելով այլ անձանց հետ շփման արգելք։ Այդ մասին տեղեկացրել է Մանուկյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Մանուկյանի և կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի գործով դատական նիստը, որի ավարտից հետո Մանուկյանը տուն կգնա, հայտնում է Factor.am-ը:
Հուլիսի 9-ի առավոտյան քննիչները խուզարկություն են իրականացրել Մանուկյանի բնակարանում։ Սկզբում նա ձերբակալվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։ Նույն օրվա երեկոյան քաղաքական գործիչը կալանավորվել էր։
Մանուկյանն իր խնամքին անչափահաս երեխա ունի, որի հետ տեսակցելու հնարավորությունից զրկված է եղել։ Այս հանգամանքի վերաբերյալ պարբերաբար ահազանգել են ընդդիմադիր պատգամավորներն ու իրավապաշտպանները։