Սեպտեմբերի 24-ին Հայաստանի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի տարվա այս ժամանակահատվածի համար գրանցված պատմական առավելագույնին կամ կգերազանցի դրանք, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 33-34 աստիճան տաքություն։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Հայաստանը հիմնականում գտնվել է հարավից ներթափանցող տաք արևադարձային օդային զանգվածների ազդեցության տակ, ինչի հետևանքով միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։
Իրաքի շրջաններից տաք օդի ներհոսքը կշարունակվի նաև սեպտեմբերի երրորդ տասնօրյակում և առավելագույնին կհասնի սեպտեմբերի 23-24-ին։ Այդ օրերին հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով։
«Սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կգրանցվի 33-34 աստիճան տաքություն, որը սեպտեմբերի այս օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է»,- նշել է Սուրենյանը։
Սեպտեմբերի 25-26-ին ջերմաստիճանը կնվազի շուրջ 2-4 աստիճանով, սակայն կշարունակի մնալ կլիմայական նորմայից բարձր։ Առաջիկա օրերին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի առանձին շրջաններում սեպտեմբերի 22-ին, ինչպես նաև 25-27-ին հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։
