Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Քառորդ եզրափակչում Քոչարյանը ժամանակից շուտ հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինությանին։ Առաջին ռաունդում հայ մարզուհին մրցակցին մեկ անգամ նոկդաունի է ենթարկել, իսկ երկրորդում՝ ևս երկու անգամ, ինչից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը և հաղթանակը շնորհել Քոչարյանին։
Կիսաեզրափակիչ դուրս գալով՝ հայ բռնցքամարտիկն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Քոչարյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն է։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին։
