Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվել


Մոսկվայի դատախազությունը մասնավոր ընկերություններից մեկում ստուգումներ է իրականացրել և անասնաբուժական օգտագործման համար նախատեսված դեղամիջոցների արտադրության ոլորտում խախտումներ հայտնաբերել։ Ընկերությունը մասնագիտանում է կենդանիների համար նախատեսված պատվաստանյութերի և շիճուկների արտադրությամբ։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ստուգման ընթացքում արձանագրվել են օրենսդրական պահանջների խախտումներ, որոնք վերաբերում են անասնաբուժական դեղամիջոցների արտադրությանը։

Ընկերության ղեկավարությանը ներկայացվել է պահանջ՝ վերացնել հայտնաբերված խախտումները, իսկ պատասխանատու անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության հարց է բարձրացվել։ Միաժամանակ քննարկվում է նաև հնարավոր քրեական հետապնդման հարցը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ստուգումների պատճառ դարձած արտադրանքը «Մուլտիկան-8» պատվաստանյութն է։ Վերջինիս օգտագործումից հետո արձանագրվել են շների անբարենպաստ ռեակցիաների և մահվան դեպքերի մասին հաղորդումներ։

Ինչպես գրում է Past.am-ը, օգոստոսից սկսած կենդանիների տերերը սկսել են ահազանգել պատվաստումից հետո առաջացած բարդությունների և շների մահվան մասին։ Հետաքննության շրջանակում «ՎԳՆԿԻ» դաշնային պետական բյուջետային հաստատությունը Յարոսլավլի մարզում հավաքված «Մուլտիկան-8»-ի 20-րդ խմբաքանակի նմուշներում հայտնաբերել է Աուեսկիի հիվանդության հարուցիչի՝ կենդանի վիրուսի առկայություն։

Աուեսկիի հիվանդությունը կենդանիների վարակիչ հիվանդություն է, որը հայտնի է նաև որպես կեղծկատաղություն։

Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքից հետո Ռոսսելխոզնադզորը պահանջել է տվյալ խմբաքանակը հանել շրջանառությունից։ Այժմ համապատասխան մարմինները շարունակում են ուսումնասիրել պատվաստանյութի արտադրության ընթացքում արձանագրված խախտումները և դրանց հնարավոր հետևանքները։

Leave a Comment