Ինչպես գիտեք, ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը համարվում է Հայաստանի անբաժանելի մաս, և լավ կլիներ, որ իշխանությունները հանձնելու փոխարեն խոսեին մեր բնակավայրերի, այդ թվում՝ Տիգրանաշենի զարգացման մասին։ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են պատրաստվում պաշտպանել Տիգրանաշենը, եթե Փաշինյանը որոշի հանձնել այն։
Ըստ նրա՝«հանձնում, թե զարգացում» դիլեմայում «Ուժեղ Հայաստանն» ընտրում է զարգացումը։
«Եթե խոսքը գնում է ՀՀ սուվերեն տարածքների մասին, ապա բոլորս հայ ենք և պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,-ասաց նա։
Նշելով, որ Տիգրանաշենում վերջին տարիներին որևէ ծրագիր չի իրականացվել՝ Աբրահամյանը տեղեկացրեց՝ «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է գյուղմթերքի շուկա կառուցել այնտեղ՝ տեղացիներին օգնելով իրենց բերքն աճեցնել և իրացնել, ինչպես նաև գաղափար կա խաղահրապարակ նվիրել Տիգրանաշենին, քանի որ այն, ի թիվս այլ ենթակառուցվածքների, հին է։
«Այն գումարը, որն Անկախության օրվա առիթով որպես պարգևավճար փոխանցվել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, այդ միջոցներով գյուղում այլ ծրագրեր կիրականացվեն և տրանսպորտային միջոց կնվիրենք՝ դրանով գյուղը կապելով մյուս բնակավայրերին և չթղնելով պատահական տրանսպորտային միջոցների հույսին»,- ասաց խմբակցության քարտուղարը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն էլ ասաց, որ Տիգրանաշենն առաջին հերթին Հայաստանի անվտանգությունն է։
«Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի հարավային դարպասի առանցքային կետի վրա։ Հանգույցը, որը մեզ կապում է արտաքին աշխարհի հետ՝ Իրան գնացող ճանապարհն է, ռազմավարական նշանակութայն նաև Վայոց Ձոր-Սյունիք հատվածն է։ Այսինքն՝ այստեղ խոսել զիջումների մասին, նշանակում է Հայաստանը դնել շրջափակման մեջ, նրա անվտանգությունը դնել հարվածի տակ և մեկուսացնել արտաքին աշխարհից»,- ասաց Ղահրամանյանը։
Նա նշեց, որ դրանով լրջագույն սպառնալիք է ստեղծվում Սյունիքի համար, այն կտրվում է Հայաստանի մյուս հատվածներից՝ հավելելով, որ «զարգացում, ոչ թե հանձնում» ուղերձը շատ կարևոր քաղաքական դիրքորոշում է։
Հարցին՝ եթե ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ձևավորվի, որպեսզի քննարկի Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության պատրաստած զեկույցը՝ ինչ դիրքորոշում կունենա «Ուժեղ Հայաստանը», պատգամավորը պատասխանեց.
«Եկեղեցու նկատմամբ այդ ամբողջ գործընթացը, որը Նիկոլ Փաշինյանն իրականցնում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հայտնի հայտարարությունից հետո, հակասահմանադրական է։ Հայաստանում եկեղեցին անջատ է պետութունից, քաղաքական իշխանությունը, որևէ իրավասություն և լիազորություն չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Հիշատակված հանձնաժողովն ապօրինի է լինելու, և մենք, որպես Մայր Աթոռի կողքին կանգնած և ազգային արժեքների պաշտպանության դիքերից հանդես եկող ուժ, չենք ներգրավվելու որևէ հակաեկեղեցական գործընթացի մեջ։ Հակառակը՝ մենք լինելու ենք Մայր Աթոռի կողքին»։