«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության պատգամավորները հիմնավորել են պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, սակայն չեն հստակեցրել՝ ինչպես է գնահատվելու նրանց աշխատանքի արդյունավետությունը՝ նշելով, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Armenia Today-ի հարցերին պատասխանելիս խոսել են ՔՊ պատգամավորներ Տարոն Չախոյանն ու Էդուարդ Աղաջանյանը։
Armenia Today-ի լրագրողը հետաքրքրվել է՝ բյուջեի լրացուցիչ ծախսերի դիմաց քաղաքացին ինչ չափելի արդյունք է ստանալու, ով և ինչ հրապարակային չափանիշներով է գնահատելու պաշտոնյաների աշխատանքը, և ինչ հետևանքներ են նախատեսված անբավարար արդյունքների դեպքում։
Չախոյանը հայտարարել է, որ բարձրացումը պետք է դիտարկել ամբողջ պետական ապարատի վարձատրության համակարգի փոփոխության համատեքստում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 20 հազար աշխատակցի մասին է, ոչ միայն նախարարների ու պատգամավորների։
Պատգամավորի փոխանցմամբ՝ նախ բարձրացվել են առաջին կարգի և ավագ մասնագետների աշխատավարձերը, ապա՝ բաժինների ու վարչությունների պետերի, փոխնախարարների և նախարարների վարձատրությունը։ Նա պարզաբանել է, որ պաշտոնյաների դրույքաչափերը փոխկապակցված են գործակիցներով, ուստի մի մակարդակում փոփոխությունը հանգեցրել է մյուսների բարձրացմանը։ Չախոյանի խոսքով՝ փոխնախարարի վարձատրությունը չի կարող գերազանցել նախարարի կամ պատգամավորի վարձատրությունը։
«Եկեք հասկանանք, պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, եթե այս մարդկանց թիվը հաշվենք, շուրջ 100, լավ, մաքսիմում՝ 120-150 հոգի են, բա այն 20 հազար հոգի՞ն, այսինքն հարցին ճիշտ մոտեցում ցուցաբերելով մենք կարող ենք ասել, որ պետական ապարատի աշխատողների աշխատավարձն է բարձրացել, խոսքը շուրջ 20 հազար հոգու մասին է»,- նշել է նա։
Արդյունավետության գնահատման կոնկրետ չափանիշների մասին հարցին Աղաջանյանը պատասխանել է, որ նախատեսվում է ներդնել աշխատանքի արդյունավետության հիմնական ցուցանիշների՝ KPI-ի համակարգ։ Սակայն, նրա խոսքով, նախագիծը դեռ չի քննարկվել Ազգային ժողովում, և կոնկրետ չափանիշներն իրեն հայտնի չեն։ Նա հավելել է, որ նախագիծը խորհրդարան հասնելուց հետո այդ հարցը կուղղեն գործընկերներին։
Աղաջանյանը նաև հայտնել է, որ վարչապետի աշխատակազմը նախկինում վարձատրության մակարդակով պայմանավորված կադրերի արտահոսքի խնդիր է ունեցել։ Նրա խոսքով՝ պարգևատրման համակարգի ներդրումը ևս ուղղված էր այդ խնդրի լուծմանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ մրցունակ աշխատավարձերը կօգնեն պետական համակարգ ներգրավել որակյալ մասնագետների և բարելավել հանրային ծառայությունները։ Նա բարձր վարձատրությունը կապել է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ՝ հղում անելով միջազգային փորձին։
«Կան պետություններ, որտեղ երկրի ղեկավարը ստանում է ամսական 300 000 դոլար աշխատավարձ և այլն։ Սինգապուր՝ օրինակ։ Եվ վստահաբար տեղյակ եք, որ Սինգապուրում ընդհանրապես կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության աստիճանը թերևս աշխարհում ամենացածրն է»,- նշել է նա։
Պատգամավորները պնդել են նաև, որ ներկայիս վարձատրությամբ պետությունը չի կարող մրցել մասնավոր հատվածի հետ։ Քննարկման ընթացքում օրինակ է բերվել մասնավոր ընկերությունում 20 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մասնագետին շուրջ 1 միլիոն դրամով նախարարի պաշտոնում ներգրավելու դժվարությունը։
Կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն էր տվել վարձատրության համակարգի փոփոխությունների փաթեթին, որով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների և պետական համակարգի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը։
Նախարարի պաշտոնային դրույքաչափը նախատեսվում է գրեթե կրկնապատկել՝ 998 հազարից հասցնելով մոտ 2 միլիոն դրամի, պատգամավորինը՝ 832 հազարից մոտ 1,5 միլիոն դրամի։ Վարչապետի դրույքաչափը կկազմի շուրջ 2,66 միլիոն դրամ։ Նոր համակարգին անցնելու համար տարեկան կպահանջվի ավելի քան 25 միլիարդ դրամ լրացուցիչ բյուջետային ծախս։
2025-ի դեկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին նախարարների և նրանց տեղակալների՝ միլիոնավոր դրամների պարգևավճարների մասին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2026-ի հունվարին հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ամսին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրությունն ավելացել է մոտ 1,5 մլն դրամով։ Մարտին կառավարությունը ևս 4,6 մլրդ դրամ էր հատկացրել պետական համակարգի աշխատակիցների պարգևատրման համար։
