«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենին խաղահրապարակ և տրանսպորտային միջոց կնվիրի, իսկ տրանսպորտի խնդրի լուծմանն ուղղված ծրագիրը կիրականացնի դաշինքի պատգամավորներին Անկախության օրվա առիթով փոխանցված պարգևավճարների հաշվին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ Տիգրանաշեն կատարած վերջին այցելությունների ընթացքում գյուղում ենթակառուցվածքային մի շարք խնդիրներ են արձանագրել։ Նրա խոսքով՝ դաշինքը որոշել է գյուղում նոր խաղահրապարակ կառուցել՝ փոխարինելով ներկայիս հին խաղահրապարակին։ «Տիգրանաշենում լուրջ տրանսպորտային խնդիր կա, բնականոն գործող տրանսպորտ չկա»,- նշել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն Անկախության օրվա առիթով ստացած իրենց պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի համար տրանսպորտային միջոց ձեռք բերելուն։ Ըստ պատգամավորի՝ այն գյուղի բնակիչներին հնարավորություն կտա հասնել մարզկենտրոն կամ Երևան՝ առանց պատահական տրանսպորտային միջոցներից օգտվելու։ Աբրահամյանը նաև հիշեցրել է Տիգրանաշենում գյուղմթերքի շուկա ստեղծելու ծրագրի մասին։
Նրա խոսքով՝ այն հնարավորություն կտա գյուղացիներին տեղում իրացնել իրենց արտադրանքը։ Անդրադառնալով նախորդ օրը Տիգրանաշենում «Ուժեղ Հայաստանի» կազմակերպած ծառատունկին՝ Աբրահամյանն այն խորհրդանշական է անվանել։
«Ծառատունկը կյանքի նշան է, և այդ ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, Տիգրանաշենը պետք է զարգանա»,- շեշտել է նա։ Խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն իր հերթին հայտարարել է, որ Տիգրանաշենի հարցը, իրենց գնահատմամբ, վերաբերում է ոչ միայն առանձին բնակավայրին, այլև Հայաստանի անվտանգությանը։
Նա ընդգծել է բնակավայրի ռազմավարական դիրքը՝ այն անվանելով Հայաստանի հարավային ուղղության առանցքային ճանապարհային հանգույց։< Ղահրամանյանի պնդմամբ՝ Տիգրանաշենի հնարավոր զիջումը ռիսկեր կստեղծի Հայաստանի՝ Իրանի հետ կապի, ինչպես նաև Սյունիքի և երկրի մյուս հատվածների միջև հաղորդակցության համար։ «Հայաստանի սուվերեն տարածքները պիտի զարգանան և ոչ թե զիջվեն»,- հայտարարել է նա։ Պատգամավորները շեշտել են, որ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Տիգրանաշենը ՀՀ Արարատի մարզի բնակավայր է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Տիգրանաշենը և մյուս անկլավները չեն մտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Սեպտեմբերի 17-ին նա նշել էր, որ Տիգրանաշենի սահմանազատման մանրամասների կամ որևէ տարածք հանձնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
«Ուժեղ Հայաստանը» բնակավայրի հնարավոր հանձնման մասին քննարկումների ֆոնին հայտարարել էր Տիգրանաշենը զարգացնելու, այդ թվում՝ գլեմփինգի գոտի և գյուղմթերքի շուկա ստեղծելու ծրագրերի մասին։
Կարդացեք նաև՝
Տիգրանաշենում «Ուժեղ Հայաստան»-ն առաջարկում է զարգացում, ՔՊ-ն՝ հանձնում․ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին
«Ուժեղ Հայաստանը» մտադիր է Տիգրանաշենում գլեմփինգի գոտի կառուցել