«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Հայ առաքելական եկեղեցու հարցով Ազգային ժողովում նախատեսվող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել են խմբակցությունների պատգամավորներ Մարիաննա Ղահրամանյանն ու Իշխան Սաղաթելյանը։ Ճեպազրույցների ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բուն TV»-ի «Երրորդ ժամկետ» հաղորդման եթերում հայտարարել էր Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի եկեղեցուն վերաբերող փաստերը, որից հետո դրանց հիման վրա կարող են նախաձեռնվել օրենսդրական փոփոխություններ։
Ղահրամանյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանում» հանձնաժողովին մասնակցելու հարցը չեն քննարկել, սակայն, իր գնահատմամբ, խմբակցությունը չի ներգրավվի «հակաեկեղեցական գործընթացի» մեջ։
«Մենք, որպես Մայր Աթոռի կողքին կանգնած և ազգային արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժ, չենք ներգրավվելու որևէ հակաեկեղեցական գործընթացի մեջ։ Հակառակը՝ մենք լինելու ենք Մայր Աթոռի կողքին»,- նշել է նա։
Պատգամավորը եկեղեցու շուրջ Փաշինյանի նախաձեռնած գործընթացը հակասահմանադրական է անվանել՝ նշելով, որ եկեղեցին Հայաստանում անջատ է պետությունից, և, ըստ նրա, քաղաքական իշխանությունն իրավասություն չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Այդ հիմնավորմամբ Ղահրամանյանը նախատեսվող քննիչ հանձնաժողովն «ապօրինի» է համարել։
Նա նաև հիշեցրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ պնդելով, որ դրա հիմքում եկեղեցուն աջակցելու վերաբերյալ Կարապետյանի հայտարարությունն էր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ևս հայտարարել է, որ խմբակցությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։ Նա հանձնաժողովի ստեղծումը դիտարկել է եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունների համատեքստում։
Սաղաթելյանը հիշեցրել է, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցուն վերաբերող դրույթների սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարանում դիմում կա։ Նա պնդել է, որ այդ պայմաններում ԱԺ-ում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը չի կարող իրավաչափ լինել և այն «եկեղեցին վարկաբեկելու» գործընթացի մաս է։
Իշխանություն-եկեղեցի հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսի վերջին, երբ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել կաթողիկոսի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Հունվարին Փաշինյանն արդեն հայտնել էր համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ Կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել էին կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։
Փետրվարին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա նկատմամբ կիրառվել էր նաև երկրից բացակայելու արգելք։ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականի մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեջ՝ կապված կարգալույծ Գևորգ Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մնալու հետ։
