Բաքուն Երևանին մեղադրել է Դադիվանքից որմնանկարներ և խաչքարեր «տեղափոխելու» մեջ

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Գաջիևան հայկական կողմին մեղադրել է Դադիվանքի վանական համալիրից որմնանկարներ, խաչքարեր և մշակութային այլ արժեքներ Հայաստան «տեղափոխելու» մեջ։

Դադիվանքը IX–XIII դարերի հայկական վանական համալիր է Արցախի Քարվաճառի շրջանում։ Պատերազմից և 2020 թվականին շրջանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո հայ ուխտավորները շարունակել են այցելել վանք՝ իրենց անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Գաջիևայի պնդմամբ՝ վանքից դուրս են բերվել խաչեր, զանգեր և այլ առարկաներ, իսկ որոշ որմնանկարներ ապամոնտաժվել են պատերից։ Նա նաև հայտարարել է, որ հետագայում այդ որմնանկարներն արտասահմանյան ցուցահանդեսներում ներկայացվել են որպես հայկական արվեստի գործեր։

Գաջիևան պնդում է, որ Դադիվանքի որմնանկարի և խաչքարերի մասին տեղեկությունները 2025 թվականի հոկտեմբերի 9-ին ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս գործարկել առարկաներն Ադրբեջանին վերադարձնելու մեխանիզմներ, եթե դրանք հայտնաբերվեն կազմակերպության անդամ երկրներից որևէ մեկում։ Armenia Today-ն ստուգել է Ինտերպոլի բաց տվյալների բազան և չի գտել նշված առարկաները դրանում ներառելու հաստատում։

Միաժամանակ Գաջիևան Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը և Արցախի մի շարք այլ հայկական վանքեր ներկայացրել է որպես Կովկասյան Ալբանիայի ժառանգություն։ Նա նաև հայտարարել է Հայաստանի տարածքում ենթադրյալ ալբանական ժառանգությունն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սեպտեմբերի 12-ին օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելության ժամանակ հայկական վանքերը ներկայացրել էր որպես Կովկասյան Ալբանիայի ժառանգության մաս։ Գանձասարում նա ցուցադրել էր դատարկ էջերով ձեռագրերի պատճեններ՝ դրանք անվանելով հայկական պատմական ենթադրյալ «կեղծարարության» ապացույց։

Մատենադարանը պարզաբանել էր, որ Գանձասարի թանգարանում ցուցադրվել են ոչ թե բնօրինակներ, այլ ձեռագրերի հատուկ պատրաստված պատճեններ։ Բնօրինակները պահվում են Երևանի Մատենադարանում։ Հաստատության տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ դրանք երբեք չեն պահվել Գանձասարում՝ անվտանգության անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունն անվանել էր «անընդունելի և անհասկանալի»՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը։

Leave a Comment