Բաքվի հայտարարությունը, որ հայերը Դադիվանքից և Գանձասարից որմնանկարներ են գողացել, ուղիղ հետևանք է ՀՀ վարած արտաքին քաղաքականության. Սաղաթելյան

Ադրբեջանից հայտարարել են, որ Դադիվանքից և Գանձասարից հայկական կողմը գողացել է որմնանկարներ։ Սա ուղիղ հետևանք է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության և այն արձագանքի, որ տեղի է  ունեցել մինչ օրս, այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ համոզմունք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորի կարծիքով՝ այս քայլով ևս մեկ անգամ վերահաստատվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր։

«Առաջին հարցը՝  ինչո՞ւ է  Ադրբեջանը շարունակում խեղաթյուրել իրականությունը, միջազգային հանրությանը հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնում աղվանական, ալբանական։ Մեկ պատճառով. որպեսզի խուսափի էթնիկ զտման պատասխանատվությունից, այն ամենից, ինչ իրականացրել է  Արցախում։ Դրա համար փորձում է վերացնել հայկական հետքն ու ցույց տալ, որ Արցախը երբեք հայկական չի եղել։ Այդ հարցում Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ լվանում են Ալիևի արյունոտ ձեռքերը, լեգիտիմացնում մեր նկատմամբ տեղի ունեցած բռնի տեղահանումը»,- ասաց Սաղաթելյանը։

Պատգամավորը վերահաստատեց՝ այս քայլերը Հայաստանի վարած քաղաքականության արդյունք են, իսկ այդ մասին լռելը վնասում է  Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ 

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ իշխանությունը շարունակում է  եկեղեցու դեմ արշավը։ 

Նա նաև նշեց, որ իրենք ցանկություն չունեն մաս կազմելուԱԺ ապօրինի քննիչ հանձնաժողովներին։

 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ զեկույց է պատրաստվում Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ և դրանից հետո խորհրդարանում գուցե քննիչ հանձնաժողով ստեղծվի։

Leave a Comment