Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Բուլղարիայի Անկախության օրվան նվիրված գալա համերգ, հայտնել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը։
Համերգը կկայանա սեպտեմբերի 22-ին ժամը 19:00-ին։
Համերգին միասին հանդես կգան Սոֆիայի օպերայի և բալետի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատարները։ Ծրագրում ընդգրկված են Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, Ռիխարդ Վագների, Շառլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Կամիլ Սեն-Սանսի, Ֆրանչեսկո Չիլեայի, Ումբերտո Ջորդանոյի և այլ կոմպոզիտորների հայտնի արիաներ։
Բուլղարական կողմը կներկայացնեն Գաբրիելա Գեորգիևան, Ռադոստինա Նիկոլաևան, Մարտին Իլիևը, Վենցեսլավ Անաստասովը և Պետար Բուչկովը։
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի և Սոֆիայի օպերայի և բալետի տնօրեն Պլամեն Կարտալովի աջակցությամբ։ Դեսպանությունը նշել է, որ համերգը կոչված է ընդգծելու Հայաստանի և Բուլղարիայի մշակութային համագործակցությունն ու ստեղծագործական գործընկերությունը։