Թրամփի ելույթները չեն լուսաբանի. հեռուստաընկերությունները բոյկոտում են

Թրամփի ելույթները չեն լուսաբանի. հեռուստաընկերությունները բոյկոտում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից առաջ հայտնվել է առանց հեռուստատեսային խմբի, քանի որ CNN-ը հրաժարվել է այս շաբաթ ռոտացիոն կարգով ստանձնել նախագահական միջոցառումների հեռուստալուսաբանումը։

CNN-ը նախագահական մամուլի հեռուստատեսային խմբի հերթապահ անդամն էր և պետք է ապահովեր Թրամփի մասնակցությամբ միջոցառումների տեսանկարահանումը։ Սակայն խմբի մյուս չորս խոշոր հեռուստաընկերությունները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, նույնպես հրաժարվել են CNN-ի փոխարեն իրականացնել այդ աշխատանքը։

Իրավիճակը կապված է Թրամփի՝ ուրբաթ օրը կայացրած որոշման հետ։ ԱՄՆ նախագահը CNN-ին, ինչպես նաև Politico-ին և MS NOW-ին արգելել էր աշխատել Սպիտակ տանը՝ պատճառաբանելով, որ այդ լրատվամիջոցները բացասական կերպով են լուսաբանում իր գործունեությունը։

Թեև Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը չեն հայտնվել այդ սահմանափակումների տակ, նրանք հայտարարել են, որ որպես համերաշխություն, չեն ապահովի նախագահի միջոցառումների հեռուստատեսային լուսաբանումը, քանի դեռ սահմանափակումները պահպանվում են։

Նախագահական մամուլի խմբի ղեկավար, Fox News-ի Վաշինգտոնի բյուրոյի ղեկավար Բրայան Բոութոնը հայտարարել է, որ հեռուստատեսային խումբը դադարեցնում է նախագահական միջոցառումների լուսաբանումը, որոնք նախատեսված են խմբի աշխատանքի շրջանակում։

Միաժամանակ նա նշել է, որ մամուլի խմբի մյուս աշխատանքները՝ ներառյալ Կոնգրեսի, բարձրաստիճան պաշտոնյաների և Վաշինգտոնում ու երկրի այլ հատվածներում տեղի ունեցող առանձին միջոցառումների լուսաբանումը կշարունակվեն բնականոն հունով ։

Իրավիճակն առավել ուշագրավ է այն պատճառով, որ Թրամփի համար առաջիկա շաբաթը հագեցած է կարևոր միջազգային և ներքաղաքական միջոցառումներով։ ԱՄՆ է ժամանելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Նախատեսվում են Թրամփի և Սիի աշխատանքային հանդիպումները, ինչպես նաև ԱՄՆ նախագահի կողմից Չինաստանի ղեկավարի պատվին պետական ընթրիք։

Նման մասշտաբի միջոցառումները սովորաբար պահանջում են լայն հեռուստատեսային լուսաբանում։ Առայժմ հայտնի չէ, թե Սպիտակ տունը ինչպես է պատրաստվում կազմակերպել նախագահի միջոցառումների տեսանկարահանումն ու հեռուստատեսային լուսաբանումը ստեղծված պայմաններում։

Leave a Comment