Գործարար Սերգո Գալստյանը, որը խորհրդարանական ընտրություններից առաջ մասնակցել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հանդիպումներին, Մեղրիի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Գալստյանը Մեղրիում մասնակցել է նաև Քոչարյանի փակ հանդիպմանը, իսկ հունիսի 7-ի ընտրություններից հետո անդամակցել է ՔՊ-ին։
ԶԼՄ-երը սեպտեմբերի 17-ին գրել էին, որ Մեղրիի գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից հետո տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններում հնարավոր թեկնածուներն սկսել են հրաժարվել առաջադրվելուց։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 21-ին հայտնել էր, որ կուսակցություններն ու դաշինքներն ավարտել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումը Հայաստանի 19 համայնքում, այդ թվում՝ Մեղրիում։
