Անգլիական Բարնհեմ գյուղը մտադիր է քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին

Անգլիական մեկ այլ գյուղի բնակիչներ ևս դիտարկում են Մեծ Բրիտանիայից առանձնանալու վերաբերյալ խորհրդանշական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը՝ ի նշան իրենց բնակավայրի մոտակայքում անօրինական միգրանտների համար նախատեսված կալանավայր բացելու կառավարության ծրագրերի դեմ բողոքի, հայտնում է The Times-ը։

Ըստ թերթի՝ խոսքը Արևելյան Սաֆոլկ կոմսությունում գտնվող Բարնհեմ գյուղի մասին է, որի բնակչությունը 600-ից մի փոքր ավելի է։ Կառավարությունը մոտակայքում գտնվող ռազմաօդային ուժերի բազան դիտարկում է որպես ապաստան հայցողներին տեղավորելու հնարավոր վայր։

Բարնհեմի բնակիչներին ոգեշնչել է Օքսֆորդշիրի Պիդինգտոն գյուղի բնակիչների նմանատիպ քայլը. վերջիններս իրավական ուժ չունեցող քվեարկության ժամանակ 285 կողմ և 26 դեմ ձայներով քվեարկել էին Լոնդոնից անկախանալու օգտին։

Բարնհեմի ծխական խորհրդի նախագահ Ջոն Բաուերը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի երեկոյան տեղական համայնքի ներկայացուցիչների մի «փոքր խումբ» կմեկնի Պիդինգտոն՝ նախաձեռնության հեղինակների հետ հանդիպելու նպատակով։

«Կարծում եմ՝ սա առաջին հերթին տեղեկատվություն հավաքելու նպատակով կատարվող այց է՝ ավելին իմանալու, թե կոնկրետ ինչ են նրանք արել, որքանով է դա արդյունավետ եղել, և արդյոք մենք ցանկանում ենք նմանատիպ քայլ կատարել Բարնհեմում», – ասել է նա։

Leave a Comment