Բեռլինի Թանգարանային կղզու ցուցանմուշները՝ Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 22-ից կգործի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային ցուցադրությունը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Այն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն ավելի քան 50 նմուշներ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից։ Դրանք ունեն ժամանակագրական լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։

Կներկայացվեն Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքեր։

Ցուցադրության առանցքային ցուցանմուշներից են Ք. ա. 12-11-րդ դարերով թվագրվող՝ վաղ երկաթի դարաշրջանի «արեգակնային համակարգի» բրոնզե մոդելները։ Հատկանշական է, որ դրանց բեռլինյան օրինակներն ընդհանրապես առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տարբեր քաղաքակրթությունների մշակութային ժառանգության, առասպելաբանական մտածողության և տիեզերագիտական պատկերացումների միջև եղած ընդհանրություններին ու փոխակերպումներին։

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։

Ցուցադրությունը գործելու է մինչև 2027 թվականի մարտի 21-ը։

Leave a Comment