Գյուղատնտեսության ոլորտում վերահսկողության համակարգը փոխվում է․ ինչ է նախատեսվում

Գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերի մոնիթորինգի, տեղազննության և ուսումնասիրությունների իրականացման գործառույթները կփոխանցվեն «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում՝ գործառույթների կրկնորդումը բացառելու և բուսասանիտարիայի ոլորտի կարգավորումները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Կարգավորման ենթակա խնդիրը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին գործառույթներ պատվիրակելու մասին» N 581-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի հետ կապված բոլոր գործառույթները, այդ թվում՝ իրականացված, գործողության ժամկետը լրացած կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով ուժը կորցրած ճանաչված աջակցության ծրագրերի գծով մոնիթորինգի, տեղազննության և ուսումնասիրությունների իրականացումը, պատվիրակվել են «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին։

Նշված Որոշման 12-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու, ինչպես նաև գործառույթների կրկնորդումը բացառելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կանոնադրության մեջ։

Միաժամանակ, կանոնադրության բուսասանիտարիայի ոլորտին առնչվող դրույթները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության բուսասանիտարիայի ոլորտի օրենսդրությանը, մասնավորապես, ոլորտում գործող հասկացությունների համատեքստում, ինչպես նաև Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1831-Լ որոշմամբ սահմանված կարգավորումներին։

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է իրավական հստակ հիմքեր ապահովել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված այն գործառույթների դադարեցման և փոխանցման համար, որոնք Որոշմամբ արդեն իսկ վերապահվել են «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին։

Միաժամանակ, նախագծով իրականացվում են բովանդակային և խմբագրական փոփոխություններ բուսասանիտարիայի ոլորտին վերաբերող կետերում՝ ապահովելով հաստատված պետական ծրագրերի հետ կառուցվածքային և օրենսդրական տերմինաբանական լիակատար համահունչություն։

Հարկ է նշել, քանի որ Որոշման համաձայն Կազմակերպության կողմից դադարեցվել են մոնիթորինգի և տեղազննության աշխատանքների իրականացման աշխատանքները, իսկ 2026 թվականի հունիսի 10-ից Կազմակերպությունն առաջնորդվել է Կազմակերպության տնօրենի 2026 թվականի հունիսի 10-ի N 31-Ն հրամանով հաստատված նոր հաստիքացուցակով, որում այլևս ներառված չէ Կազմակերպության «Մոնիթորինգի և տեղազննության իրականացման» բաժինը, արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ավելացած ֆինանսական միջոցները վերադարձնել պետական բյուջե՝ ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ կատարելով համապատասխան փոփոխություն՝ նվազեցնելով բացառապես փաստացի չօգտագործված ֆինանսական միջոցները, ուստի Նախագծի մշակմանը զուգահեռ՝ Որոշման 12-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատսկով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է նաև «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած պետական կառավարման համակարգի բարեփոխումների և ինստիտուցիոնալ արդյունավետության բարձրացման սկզբունքներից, ինչպես նաև համահունչ է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններին՝ նպատակաուղղված լինելով պետական աջակցության ծրագրերի հասցեականության, թափանցիկության և վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի գյուղատնտեսության ոլորտում աջակցության և մոնիթորինգի ծրագրերի կառավարման գործառույթների անխոչնդոտ, կանոնակարգված փոխանցումը «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին, կբացառվի գերատեսչական կառույցների միջև իրավասությունների կրկնողությունը, և կարդիականացվեն բուսասանիտարական միջոցառումների իրավական հիմքերը։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի առաջացնում. նախատեսվում է բյուջետային ծախսերի նվազեցում։

Leave a Comment