ՀԱԿ-ն իշխանություններին անվանել է անկախության ամենամեծ սպառնալիքը – armeniatoday.am

«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության Հանրապետական խորհուրդը Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ հայտարարություն է ընդունել՝ գործող իշխանություններին անվանելով անկախության և ազգային շահերի ամենամեծ սպառնալիքը, հայտնել է կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Հայտարարության մեջ կուսակցությունը կոչ է արել համազգային միասնությամբ պաշտպանել Անկախության հռչակագիրը և մերժել նախատեսվող սահմանադրական փոփոխությունները։

ՀԱԿ-ը պնդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն Ադրբեջանի ճնշման ներքո փորձում է վարկաբեկել Անկախության հռչակագիրը, թիրախավորում է Հայ Առաքելական Եկեղեցին և բռնաճնշումներ իրականացնում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Կուսակցության գնահատմամբ՝ իշխանությունները որդեգրել են Ադրբեջանի պահանջներին անվերապահորեն ենթարկվելու քաղաքականություն։

ՀԱԿ-ը քննադատել է նաև արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, որ ԵՄ-ին անդամակցությանն ուղղված քայլերը թուլացնում են Հայաստանի տնտեսական դիրքերը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), իսկ «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը երկիրը դնում է Ադրբեջանից միակողմանի կախվածության մեջ։

Ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը՝ Զուրաբյանը հայտարարել է, որ իշխանությունների՝ իր բնորոշմամբ «բլոկային» քաղաքականությունը կարող է Հայաստանին ներքաշել «պրոքսի»՝ այլ ուժերի շահերով մղվող պատերազմների մեջ։

Նրա խոսքով՝ իշխանությունները չեն ներկայացրել Հայաստանի պարենային, ռազմական և էներգետիկ անվտանգության վերաբերյալ հաշվարկներ ու հիմնավորումներ։

«ԵՄ-ն չունի դեպի Հարավային Կովկաս ընդարձակման ծրագիր»,- նշել է նա։

Զուրաբյանի գնահատմամբ՝ TRIPP-ը սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը, մինչդեռ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանն այն ընկալում են որպես «թշնամական»։

«Եթե մենք գնանք TRIPP-ի իրականացման ուղով, մենք կստանանք Հայաստան, որի բոլոր ստրատեգիական հաղորդակցման ուղիները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- պնդել է Զուրաբյանը։

Հայտարարության մեջ ՀԱԿ-ն անդրադարձել է նաև անկախության առաջին տարիներին՝ դրական գնահատելով պետական ինստիտուտների ձևավորման, շուկայական տնտեսության անցման և Արցախյան առաջին պատերազմի ընթացքում այն ժամանակվա իշխանությունների քայլերը։

«Ցավոք, առաջին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը և Արցախի ժողովրդի անվտանգության ստեղծված համակարգը հետագայում ոչնչացվեց առավելապաշտական «ոչմիթիզական» պատրանքների պատճառով»,- ասված է հայտարարության մեջ։

Կուսակցության գնահատմամբ՝ այդ համակարգին վերջնական հարվածը հասցրել է Փաշինյանի կառավարությունը։

Leave a Comment