Ամերիկյան CNN, Politico և MS NOW (նախկինում՝ MSNBC) լրատվամիջոցները հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի երեք պաշտոնյաների դեմ հայց ներկայացնելու մասին՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների մուտքը Սպիտակ տուն, ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է Business Insider-ը:
Լրատվամիջոցների պնդմամբ՝ իրենց հրապարակումների պատճառով անցագրերի չեղարկումը խախտում է մամուլի ազատությունը երաշխավորող ԱՄՆ Սահմանադրության Առաջին ուղղումը, իսկ նախնական ծանուցման և պատշաճ ընթացակարգի բացակայությունը՝ Հինգերորդ ուղղմամբ նախատեսված իրավունքները։
Բացի Թրամփից՝ հայտարարության մեջ որպես պատասխանողներ նշված են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը, հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չենգը և Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Կարանը։
Թրամփը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր երեք լրատվամիջոցների՝ Սպիտակ տուն մուտքն արգելելու մասին՝ նրանց մեղադրելով «կեղծ լուրեր» տարածելու մեջ։ Associated Press-ի փոխանցմամբ՝ նույն օրը լրագրողները դեռ Սպիտակ տան տարածքում էին, և նրանց հեռացնելու նշաններ չկային։
Լրագրողների մուտքն արդեն սեպտեմբերի 19-ին արգելվել է։ ABC News-ը հայտնել է, որ իր լրագրողներն անձամբ տեսել են, թե ինչպես են Սպիտակ տան անվտանգության անցակետում մերժել CNN-ի լրագրողի և լուսանկարչի մուտքը։ MS NOW-ն նույնպես հայտնել է իր աշխատակիցների մուտքի արգելքի մասին։
