«Եդինայա Ռոսիա»-ն նախնական արդյունքներով պահպանում է սահմանադրական մեծամասնությունը «Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքներով կարող է ստանալ 355 մանդատ՝ պահպանելով սահմանադրական մեծամասնությունը, գրում է ՌԲԿ-ն՝ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների հիման վրա։
Արձանագրությունների 95,18%-ի մշակման արդյունքներով՝ կուսակցությունը համամասնական ընտրակարգով ստացել է ձայների 57,83%-ը։ Նրա թեկնածուներն առաջատար են նաև 225 միամանդատ ընտրատարածքներից 208-ում։ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը ստացել է 13,81%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8,98%, «Նոր մարդիկ»-ը՝ 7,96%, իսկ «Արդար Ռուսաստան»-ը՝ 4,96%։ Վերջինս այս փուլում չի հաղթահարում կուսակցական ցուցակներով մանդատների բաշխմանը մասնակցելու 5%-ի շեմը։
ՌԲԿ-ի հաշվարկով՝ եթե «Արդար Ռուսաստան»-ը հաղթահարի շեմը, «Եդինայա Ռոսիա»-ի մանդատների թիվը կկազմի 347՝ 355-ի փոխարեն։ Երկու դեպքում էլ այն կգերազանցի կուսակցության նախկին առավելագույն արդյունքը՝ 2016 թվականին ստացած 343 մանդատը։
ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 59,32%։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 25-ին։ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ 20 շրջանների 20 ընտրատեղամասերում անվավեր է ճանաչվել 36 850 քվեաթերթիկ։ Նրա խոսքով՝ արձանագրվել է նաև քվեաթերթիկների լցոնման երկու դեպք՝ Ղրիմում և Մարի Էլում։
Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են Երևանում ՌԴ դեսպանությունում և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում։ Երևանում դեսպանության մոտ սեպտեմբերի 20-ին հերթ էր գոյացել։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը դա բացատրել էր երկրում Ռուսաստանի քաղաքացիների մեծ թվով և իրենց դիրքորոշումն արտահայտելու ցանկությամբ։
