Կարապետյանն իշխանություններին անկախության դեմ ոտնձգությունների գործիք է անվանել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն Անկախության 35-ամյակի առթիվ իր ուղերձում Հայաստանի գործող իշխանություններին անկախության նկատմամբ «արտաքին ոտնձգությունների» գործիք է անվանել։

Նրա գնահատմամբ՝ անկախությանն ուղղված ամենավտանգավոր սպառնալիքը դրա աստիճանական թուլացումն է ներսից։ Այդ գործընթացը նա կապել է պարտադրվող զիջումների, սահմանների սեղմման, ազգային արժեքների ու խորհրդանիշների փոփոխության հետ։ Կարապետյանը քննադատել է նաև հակառակորդի պահանջների կատարումը սպառնալիքները կանխելու միակ միջոց ներկայացնելու մոտեցումը։

Նա հայտարարել է, որ Հայաստանն անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ է, իսկ հասարակությունը՝ պառակտված։ Նրա կարծիքով՝ պետական շահը հաճախ ստորադասվում է նեղ անձնական և ընթացիկ քաղաքական շահերին։

Կարապետյանն ընդգծել է, որ անկախությունը նախևառաջ սեփական ազգային շահերից ելնելով որոշումներ կայացնելու պետության ազատությունն ու կարողությունն է։

«Հայաստանը պետք է լինի խաղաղ, բայց՝ պաշտպանված, բաց աշխարհի համար, բայց՝ ինքնիշխան իր որոշումներում, բարեկամների հետ համագործակցող, բայց՝ ոչ որևէ մեկի կամակատար»։

Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 35-ամյակը։ 1991 թվականի այս օրը հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ էր քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալուն և անկախ պետություն ստեղծելուն։

Leave a Comment