Մենք պետական սահման ունենք. իմ ընկերը հաստատ այլ բան է նկատի ունեցել. Անդրանիկ Քոչարյանը՝ Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության մասին

Մենք պետական սահման ունենք, բայց սահմանազատման պրոցեսը անխուսափելիորեն պետք է հաստատագրի այդ սահմանի իրական լինելը՝ այն, ինչ արդեն սկսված է, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ինչքա՞ն դա կտևի։ Դուք գիտեք, որ Վրաստանի հետ սահմանազատման պրոցեսը մինչև հիմա գնում է. տասնյակ տարիներ է։ Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի, և հետո շտկումները կգնան՝ քար, թուփ… Պետական սահմանի չգոյությունը կարող է հանդիսանալ նաև պատերազմների հիմք։ Կարծում եմ՝ ինչքան շուտ մենք հարևան երկրների հետ այդ սահմանի կայացման իրավական պրոցեսն ավարտենք, այնքան ավելի հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն բոլոր հարևան երկրները՝ մեզ հետ միասին»,–ասաց նա։

Լրագրողները Քոչարյանին հիշեցրեցին իր թիմակից ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունը պետական սահման չունի, ինչին ի պատասխան՝ պատգամավորը նշեց.

«Իմ ընկերը հաստատ այլ բան է նկատի ունեցել։ Դուք հիմա ստում եք, իմ ներկայությամբ չի ասել այդպիսի բան»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ Արցախի հայաթափման օրը տոնակատարություններ են կազմակերպվում,Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Դա տոնակատարության օր չի։ Իմ կարծիքն եք ուզում իմանա՞լ: Ո՛չ, երբեք դա տոնակատարության օր ընդունել չի կարելի»։

Ըստ իշխանական գործչի՝ անկախությունը միշտ պետք է պաշտպանել, և պաշտպանելու համար պետք է բոլորս պատրաստ լինենք՝անկախ նրանից իշխանություն ենք, թե ընդդիմություն։ «Պատասխանատվությունը մեր երկրի հանդեպ, նաև մեր զինված ուժերի կայացման հանդեպ տարբեր ընկալումների միջով է անցնում»։

Դիտարկմանը, որ սահմանազատման գործընթացը դոփում է տեղում, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Վրաստանի հետ գործընթացը 30 տարուց ավել է՝ դոփում է, բայց այդ դոփելը չի նշանակում, որ պետք է վերցնենք զենքերը, սկսենք իրար վրա կրակել։ Պետք է ինչ-որ միջազգային իրավունքի նորմերից ելնելով՝ կրակելը մնա հետին պլան։ Սահմանազատումը մեզ պետք է բերի այնպիսի լուծումների, որպեսզի դա խախտել հնարավոր չլինի։ Տեղում դոփելը վատ բան է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ պատային իրավիճակները արագ լուծումներ ստանան»։

Leave a Comment