Ինչպե՞ս դիմել
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն՝ հիպոթեքային վարկ ձևակերպելու համար (խնդրում ենք դիտարկել «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում համագործակցող բանկեր» բաժնում նշված բանկերը և վարկային կազմակերպությունները)։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում և առանձին բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով ծրագրի գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիպոթեքային վարկ ստացած անձանց, ովքեր շինթույլտվություն են ստացել մինչև 2025 թվականի մայիսի 1-ը։
Իսկ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում բնակելի տուն կառուցելու դեպքում դեռևս կարելի է դիմել հիպոթեքային վարկ ստանալու համար։
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում տուն կառուցելու ծրագրին կարող են դիմել․
- ՔԿԱԳ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, տարածված է նաև ЗАГС անվանումը) մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները,
- ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, եթե նրանց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ),
- առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնողը (այրի) կամ ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին։
Առանձին բնակավայրերում տուն կառուցելու ծրագրին կարող են դիմել․
- ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, 10 տարին չլրացած առնվազն մեկ երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող այն ամուսինները կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում,
- ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, 13 տարին չլրացած առնվազն մեկ երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ուսուցչի պահանջները բավարարող անձ է։
Անհրաժեշտ է ծրագրի գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- շահառուի և ամուսնու անձնագրերը կամ նույնականացման քարտերը,
- ամուսնության վկայական (օտարերկրյա պետությունում կազմված փաստաթղթերը պետք է լինեն հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ),
- սահմանամերձ գյուղական բնակավայրում գտնվող հողամասի կամ կիսակառույց տան նկատմամբ սեփականության իրավունքի վկայական,
- շինթույլտվություն և նախագիծ կամ նախահաշիվ։
Այլ անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը տրամադրում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։
Աջակցության չափը
Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության չափերն են․
- սահմանամերձ գյուղական բնակավայրերում և առանձին բնակավայրերում հիպոթեքային վարկի մայր գումարի փոխհատուցում՝ մինչև 16 միլիոն դրամի չափով և վարկի տոկոսադրույքների փոխհատուցում՝ մինչև 13%-ի չափով,
- Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում տուն կառուցելու համար դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ հիպոթեքային վարկի մայր գումարի փոխհատուցում՝ մինչև 21 միլիոն դրամի չափով և վարկի տոկոսադրույքների փոխհատուցում՝ մինչև 13%-ի չափով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 16 աշխատանքային օրվա ընթացքում։
Հոդվածը պատրաստվել է ՀՀ կառավարության հետևյալ որոշումների հիման վրա՝
- ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշում,
- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշում,
- ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1991-Լ որոշում,
- ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշում։
Հիշեցում․ Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։