Մարզային բնակավայրում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ մարող՝ առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող միանվագ դրամական աջակցությունից։ Աջակցության չափը կազմում է բնակարանի արժեքի 5 տոկոսը՝ առավելագույնը 1 մլն դրամ, իսկ երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար այն ավելանում է։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, այս մասին նշված է Ծառայությունների միասնական հարթակում Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացրած ծառայության նկարագրությունում։ Ստորև ներկայացնում ենք, թե ովքեր կարող են օգտվել ծրագրից, որքան աջակցություն է տրամադրվում և ինչպես դիմել։
Ո՞ր դեպքում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն տրամադրվում՝
- մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
- հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Եթե հիպոթեքային վարկը տրամադրել է համագործակցող բանկերից որևէ մեկը, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմում ներկայացնելու կարիք չկա․ բանկն ինքը դիմողի տվյալները կփոխանցի նախարարություն։
Անհրաժեշտ է մուտք գործել Էլեկտրոնային հարուցումների միասնական հարթակ։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:
Աջակցության ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝
- այցելել e-request.am,
- սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով,
- գրանցվել «ԵսԵմ» նույնականացման կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
- նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
- ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն:
Հարթակում գրանցվելուց հետո աջակցություն ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել «Հարցում» տարբերակը,
- ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
- բացվող էջում ընտրել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» պետական մարմինը, որին ուղղված է դիմումը,
- կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։
Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։
Ծրագրի մասին
- Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
- Աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
- Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ մարզերում ապրող այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են հետևյալ պարտադիր պահանջներին՝
- շահառուն ունի ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում է հիպոթեքային վարկ մարողը՝ վարկառուն,
- շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա,
- մարզային բնակավայրում գտնվող բնակելի անշարժ գույքը պետք է ձեռք բերված լինի կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
- ձեռք բերված անշարժ գույքի (կամ կառուցվող շենքի բնակարանի, որը դեռ պատրաստ չէ) գինը առավելագույնը 35 մլն դրամ է։ Այս շեմը դիմողի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով ավելանում է 5 մլն դրամով,
- ձեռք բերված կամ կառուցված/կառուցվող անշարժ գույքը պետք է լինի շահառուի և նրա ամուսնու (եթե պաշտոնապես ամուսնացած են) միակ բնակելի գույքը: Այն պետք է պատկանի նրանց անձնական, համատեղ կամ բաժնային (առնվազն 50%) սեփականության իրավունքով,
-
կանխավճարի նվազագույն չափը պետք է լինի առնվազն 10% երկրորդային շուկայից գնվող բնակարանի արժեքից և առնվազն 7,5% առաջնային շուկայից գնվող բնակարանի արժեքից (այս պահանջները չեն վերաբերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկ ստացած շահառուներին): Նշված տոկոսները հաշվարկվում են` առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության,
- դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:
Պահանջվող փաստաթղթերը
Աշխատանքի և բարեկեցության նախարարությանն ուղարկվող առցանց նամակին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
- բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված տեղեկանք,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- երեխաների ծննդյան վկայական,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
- անշարժ գույքի սեփականության վկայական,
- գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։
Աջակցության չափը
- Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է ձեռք բերվող կամ արդեն իսկ ձեռք բերված անշարժ գույքի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը։
- Աջակցությանը 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է բնակարանի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։
- Աջակցության առավելագույն չափը 2 միլիոն դրամ է։
- Աջակցությունն ավելացվում է 50%-ով, եթե շահառուն հիպոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ կամ այնպիսի գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստուգում է շահառուի համապատասխանությունը ծրագրի պայմաններին՝ ավտոմատ կերպով տեղեկություններ ստանալով երեխա-ծնող կապի, երեխայի կենդանի լինելու, ամուսնության կարգավիճակի և շահառուի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասին: Ստուգումն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Նախարարությունը որոշում է կայացնում շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու մասին: Այնուհետև 3 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դրա մասին ֆինանսական կազմակերպությանը (բանկ) և շահառուին:
- Հիփոթեքի պայմանագիրը կնքելուց հետո նախարարությունը 10 օրվա ընթացքում փոխանցում է գումարը կազմակերպության հաշվին: Անհատական տուն կառուցելու դեպքում գումարը փոխանցվում է վարկը տրամադրելուց հետո: Գումարի փոխանցման մասին նախարարությունը տեղեկացնում է շահառուին էլեկտրոնային փոստով:
Նախագիծը հիմնված է ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ և 2020 թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշումների վրա, – տեղեկացնում է Iravaban.net-ը։