Սա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանը


Լրատվամիջոցներով  տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հսկողություն իրականացնում «Վագա-ֆարմ»-ի 22 դեղատներում: Եվ ստուգումների արդյունքը՝  վարչական իրավախախտման 25 դեպք, որից պիտանելիության ժամկետն անց  ապրանքների վաճառք ՝ 12, չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի՝ մինչև  50 միկրոնի պոլիէթիլային պարկերի՝ 2, առանց թույլատվության գովազդի տեղադրման՝  11  :

Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է: Օրինակ՝ տեսանյութում ներկայացվում է  06.2026 թվականին արտադրված ծովի աղ՝ պիտանելիության 2 տարի ժամկետով,  արտադրողի մակնշումով, որն արտացոլում է նաև պիտանելիության ժամկետը: Դա ներկայացնում են որպես կրկնակի գնապիտակ  ու ընդգրկում ՙ վարչական իրավախախտումների երկար ցանկում՝ որպես պիտանլիության ժամկետի խախտման դեպք:
Նույն սկզբունքով՝ մյուս «խախտումները» :
Իսկ  գովազդի տեղադրման խախտումների բոլոր դեպքերով  քաղաքապետարանը դատարանում պարտվել է. այսինքն՝ այս դեպքում եւս որևէ խախտում չկա:  

 

Սպառողը կարող է տպավորություն ստանալ, որ «Վագա ֆարմ» դեղատնային ցանցում վաճառվում են ժամկետանց ապրանքներ՝ այդ թվում՝ դեղեր, ինչը իրականությանը չի համապատասխանում և դեղատնային ցանցի հեղինակությունն արատավորելու ուղիղ փորձ է: Քաղաքապետարանի կողմից կինոօպերատորով, տագնապեցնող երաժշտությամբ ծովի աղի պիտանելիության ժամկետի
«խախտումների»  հայտնաբերումը իրականում այլ մոտիվ ունի:

Սա պատասխան է «Վագա ֆարմի»  ՝Երևանի քաղաքապետարանի կողմից պետությաննառանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին:  

«Վագա ֆարմ» -ը 2026 թ.-ի հուլիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ Երևանի քաղաքապետարանի  «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի  տնօրեն Ջենի Հովսեփյանի և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման փաստով։ 

Նշված պաշտոնյաները՝ Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ, մերժել են «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը ավելի բարձր (540.000 ՀՀ դրամ) վարձավճարով վարձակալության հանձնելու «Վագա ֆարմ» -ի առաջարկը՝ փոխարենը 2 տարի ժամկետով վարձակալության հանձնելով նույն տարածքը  «Նատալի ֆարմ դեղատուն» ՍՊԸ-ին՝ ամսական 300.000 ՀՀ դրամով, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առնվազն 6.624.000  ՀՀ դրամի վնաս։

Այս հաղորդման օրինակն ուղարկել ենք նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ստացել   հետևյալ պատասխանը. «Երևանի քաղաքապետարանի իրավասությունների և գործառույթների մեջ չի մտնում քրեաիրավական գնահատական տալը»:

Բնականաբար,  դիմումով Երևանի քաղաքապետարանից նկարագրված արարքի քրեաիրավական գնահատական  չէր ակնկալվել. Երևանի քաղաքապետարանի գործառույթներում է՝որպես գործատու իր աշխատողների գործողություններին իրավական գնահատական տալը, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը:

 

Քաղաքապետարանի գրավոր այս արձագանքից հետո դիմեցինք երկրորդ անգամ՝ նույն ակնկալիքով, որի պատասխանն , արդեն, դեղատնային ցանցի սոտւգումների տեսքով էր:

Եթե «Վագա ֆարմ»-ի՝ պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափով վնասի դեպքի մասին հաղորդմանը որևէ հակափաստարկ ունենային,  դա կներկայացնեին նույն ռեժիսուրայով՝ կինոօպերատոր, խորհրդավոր երաժշտություն, ԶԼՄ-ներ: Որքան էլ նման ապատեղեկատվությամբ փորձեն մոլորեցնել հանրությանը կամ «Վագա ֆարմ»–ին տհաճություններ պատճառել , միևնույն է՝ հարցը մնում է ակտուալ ու անպատասխան՝ ինչու՞ է քաղաքապետարանի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանին ներվում  պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափի վնասը:

«Վագա ֆարմ» -ի հիմնադիր
           Վահե Վարսանյան

Leave a Comment