ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500մլն դրամ է պահանջում Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամի գանձման հետպահանջ է ներկայացրել համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից, այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ինֆոքոմի հետ հարցազրույցում։

«Այս պահին մենք ունենք 500 մլն դրամ գումարի հետպահանջ ընկերությունից, որի շուրջ խոսում ենք։ Մեզ համար դա գումար է, որ պետք է համարվի տնտեսված գումար ու վերադարձվի պետությանը։ Իրենց դիրքորոշումը տարբերվում է մեր դիրքորոշումից և մենք կա՛մ կգանք փոխադարձ համաձայնության գումարը հետ վերադարձնելու, կա՛մ կլինի դատական պրոցես», – ասել է Անդրեասյանը։

Դիտարկմանը, թե Կառավարությունն ունի խնդիր ընկերության հետ, սակայն նույն ընկերությունը կազմակերպում է Երևանում նախատեսվող COP17-ը, նախարարը նշել է, որ պետք չէ բոլորից անկախ առաջացած խնդիրը կապել ընկերության գործունեության հետ։

Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում կայացել է 2025 թվականի օգոստոսի 3-ին։

«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում 2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ ռեփեր Սնուփ Դոգի՝ Երևանում կայանալիք համերգի անցկացման համար: 2023-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով պայմանավորված:

Համերգի համար կառավարության որոշմամբ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2,3 մլրդ դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ ռեփերը գումարը չի վերադարձրել:

Հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ էր կատարել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի վերաբերյալ իր որոշման մեջ, ըստ որի՝ Սնուփ Դոգի փոխարեն Երևանում համերգով հանդես կգա Լոպեսը։

Leave a Comment