Պետական աջակցություն կա, բայց շատերը չեն դիմում․ ի՞նչ է ցույց տվել գյուղատնտեսական ծրագրերի վերլուծությունը

Գյուղատնտեսությամբ զբաղվողների 58%-ը բավարար տեղեկություն չունի պետական աջակցության ծրագրերի մասին, իսկ 79%-ը երբևէ չի դիմել դրանց։ Այս պատկերը ստացել է «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն՝ 200 մասնակցի շրջանում անցկացված հարցման արդյունքում։

Վերլուծության հեղինակներն առաջարկում են 2027 թվականին փորձարկել մարզային աջակցության ծառայություն։ Այն պետք է գործի տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով և օգնի մարդկանց ոչ միայն տեղեկություն ստանալ, այլև պատրաստել փաստաթղթերը, կազմել ֆինանսական պլանը և հետևել դիմումի ընթացքին։

Տեղեկության պակասից մինչև բարդ ընթացակարգեր

Հարցմանը մասնակցել են գյուղատնտեսությամբ զբաղվող 200 անձինք Հայաստանի բոլոր մարզերից։ Ընտրանքում գերակշռել են միկրո և փոքր տնտեսությունները։ Տվյալները ներկայացուցչական չեն ամբողջ երկրի համար, սակայն ցույց են տալիս ծրագրերի հասանելիության հիմնական խնդիրները։

Մասնակիցների միայն 6%-ն է իրեն լիովին տեղեկացված համարել։ Եվս 36%-ը նշել է, որ մասամբ է տեղեկացված։ Մնացած 58%-ը ծրագրերից գրեթե կամ ընդհանրապես տեղյակ չէ։

Հարցվածների 21%-ն է երբևէ դիմել կամ օգտվել պետական աջակցության ծրագրից։ Չդիմածների շրջանում 70.9%-ը նշել է տեղեկության պակասը։ 49.4%-ի համար խոչընդոտ են եղել բարդ ընթացակարգերը, 44.3%-ի համար՝ գրավի կամ սեփական ներդրման բացակայությունը, 41.8%-ի համար՝ հայտ կազմելու հմտությունների պակասը։ 21.5%-ը նշել է նաև ծրագրերի արդարության նկատմամբ անվստահությունը։ Մասնակիցները կարող էին ընտրել մեկից ավելի պատասխան։

Դիմած 42 անձանցից 23-ը նշել է, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է և նպաստել տնտեսության զարգացմանը։ 12-ի դեպքում էական փոփոխություն չի եղել, 7-ի ծրագիրն էլ կիսատ է մնացել։ Այս տվյալները ցույց են տալիս, որ միայն դիմումների թիվը բավարար չէ ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար։ Պետք է հաշվել նաև ամբողջական հայտերը, ավարտված ծրագրերն ու շահառուի տնտեսությունում գրանցված արդյունքը։

Մարդիկ նախընտրում են տեղում և գործնական աջակցություն

Հարցվածների 84.5%-ը նախընտրել է դեմառդեմ, գործնական կամ անհատական ուսուցում։ Առցանց տարբերակն ընտրել է 15.5%-ը։ 65–74 տարեկանների խմբում առցանց ուսուցումը նախընտրել է միայն 5.3%-ը։

Վերապատրաստումն իրականացնողի հարցում 53%-ը նախընտրել է մասնագիտացված ՀԿ-ներին և տեղական փորձագետներին, 26%-ը՝ պետական մարմիններին։ Հեղինակների գնահատմամբ՝ սա պետական մարմնի դերը նվազեցնելու պահանջ չէ։ Մարդիկ պարզապես տարբերակում են որոշում ընդունող մարմինը և տեղում հասանելի խորհրդատուին։

Գիտելիքի կարիքների մեջ առաջին տեղում են գործարար պլանն ու ֆինանսական պլանավորումը՝ 34.5%։ Հարցվածների 52%-ը ցանկանում է սովորել պետական ծրագրերի հայտերի մշակում։

Առաջարկվում է փորձնական մարզային ծառայություն

Վերլուծության գլխավոր առաջարկը 2027 թվականին «Մարզային շահառուների աջակցության ծառայության» 12-ամսյա փորձնական մոդել ներդնելն է։ Բաց մրցույթով կարող են ընտրվել 3–4 մարզային կամ տեղական մասնագիտացված ՀԿ-ներ կամ կոնսորցիումներ։

Նրանց ծառայությունների փաթեթը կարող է ներառել համայնքային իրազեկում, ծրագրի ընտրության նախնական խորհրդատվություն, փաստաթղթերի ստուգաթերթ, հայտի ու ֆինանսական պլանի պատրաստման աջակցություն, ուղղորդում և հետհաստատումային ուղեկցում։

Միաժամանակ պետք է պահպանվի լիազորությունների հստակ սահմանը։ ՔՀԿ-ն կարող է տեղեկացնել, սովորեցնել և ուղեկցել, բայց չի կարող որոշել շահառուի իրավասությունը, հաստատել ֆինանսավորումը կամ իրականացնել պետական վերահսկողություն։

Ութ առաջարկություն նախարարությանը

Բացի փորձնական ծառայությունից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առաջարկվում է․

  1. Ստեղծել «Մարզային շահառուների աջակցության ծառայության» պատվիրակման փորձնական մոդել։
  2. սահմանել պատվիրակվող ծառայությունների միասնական չափորոշիչ, էթիկայի կանոններ և շահերի բախման սահմանափակումներ,
  3. ստեղծել պետական աջակցության ծրագրերի պարզ լեզվով միասնական քարտեզ և շահառուի քայլերի ուղեցույց,
  4. հայտերի մշակման աջակցությունն ու ֆինանսական գրագիտությունը ֆինանսավորել որպես առանձին ծառայություն,
  5. անցկացնել համայնքային ու շարժական իրազեկման արշավներ՝ հանդիպումների, խորհրդատվական օրերի, հեռախոսային կապի և տեղական լրատվամիջոցների միջոցով,
  6. ստեղծել դիմումի ընթացքին հետևելու, հետադարձ կապի և գործի փակման մեխանիզմ,
  7. ներդնել անկախ մոնիթորինգ և արդյունավետության հրապարակային ցուցանիշներ,
  8. ամեն տարի անցկացնել մասնակցային վերանայում և արդյունքները կապել պետական բյուջեի ու միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ։

Փորձնական փուլի արդյունքը պետք է գնահատվի ոչ միայն հանդիպումների կամ մասնակիցների թվով։ Առաջարկվող ցուցանիշների թվում են ամբողջական դիմումների բաժինը, թերի փաստաթղթերի նվազումը, ծրագրերի ավարտը, շահառուների գոհունակությունը և մեկ շահառուի սպասարկման արժեքը։

Առաջարկը՝ 2027-2028 թվականների բյուջետային գործընթացում

Վերլուծության հեղինակներն առաջարկում են ծառայության ֆինանսավորումը նախատեսել 2027 կամ 2028 թվականի պետական բյուջեում և 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում։ Մոդելը պետք է ընդլայնվի միայն անկախ գնահատումից և դրական արդյունքից հետո։

Այս մոտեցմամբ պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկությունը պետք է վերածվի համայնքում հասանելի ծառայության։ Պետությունը կշարունակի ընդունել իրավական ու ֆինանսական որոշումները, իսկ տեղական գործընկերը կօգնի շահառուին հասնել ամբողջական դիմումի և ավարտված ծրագրի։

Վերապահում
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետություն-ՔՀԿ-ներ համագործակցությանն ուղղված շահերի պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Leave a Comment