Օդերևութաբանները պատմել են սառույցների հալվելու հետևանքով Երկրի ձևի փոփոխության մասին

Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցների արագ հալվելու հետևանքով Երկրի ձևը փոխվում է, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ հղում անելով երկրաբան Քրիստոֆեր Կոցակիսի տվյալներին։

Նրա խոսքով՝ բևեռային շրջանները բարձրանում են, իսկ հասարակածային շրջանները՝ իջնում։ Վերջին 20 տարվա ընթացքում այս գործընթացի արագությունը կրկնապատկվել է։ Եթե 1990-ականների վերջին բևեռային շրջանների բարձրացման արագությունը տարեկան մոտ 0,5 մմ էր, ապա 2015 թվականին այն հասել էր շուրջ 1 մմ-ի։

Երկրի պտույտի հետևանքով մոլորակը բևեռներում փոքր-ինչ սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռուցիկ։ Այժմ դրա ձևը փոփոխվում է նաև Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային վահանների զանգվածի կորստի ազդեցությամբ։

Գիտնականները գործընթացը բացատրում են զանգվածի վերաբաշխմամբ։ Սառույցի ծանրության նվազման հետևանքով բևեռային շրջանների երկրակեղևը բարձրանում է։ Միաժամանակ դեպի հասարակածային շրջաններ տեղափոխվող հալված ջուրը մեծացնում է օվկիանոսի հատակի ծանրաբեռնվածությունը, ինչի հետևանքով այն իջնում է։

Միաժամանակ Երկրի պինդ մարմինը դառնում է ավելի գնդաձև, իսկ նրա գրավիտացիոն դաշտով որոշվող ձևը՝ ավելի տափակված։

Ազիզյանը գործընթացը համեմատել է բատուտի հետ։ Երբ կենտրոնի ծանրաբեռնվածությունը նվազում է, այն բարձրանում է, իսկ եզրերը լրացուցիչ ծանրության տակ իջնում են։

Leave a Comment