Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը գոհունակություն է հայտնել Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնության ձեռքբերման կապակցությամբ՝ ընդգծելով, որ փաստաթղթում պահպանվել են սահմանված «կարմիր գծերը»։
«Մենք համաձայնություն ունենք, և այժմ կարող ենք անցյալում թողնել անորոշությունը»,- Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նախատեսվում է ստորագրել համաձայնագիրը, Դանիայի TV2 հեռուստաալիքին ասել է նախարարը։ «Արկտիկայի անվտանգությունը համաձայնագրի ամենակարևոր հարցն էր։ Անվտանգության պատասխանատվությունը միայն ԱՄՆ-ի կամ Դանիայի վրա չէ, այլև ՆԱՏՕ-ի։ Այս համաձայնագիրը պահպանում է մեր սահմանած կարմիր գծերը և հարգում Գրենլանդիայի ինքնիշխանությունը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Դանիան պայմանավորվածություն են ձեռք բերել Գրենլանդիայի անվտանգության ապահովման վերահսկողությունը Վաշինգտոնին փոխանցելու շուրջ։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Վաշինգտոնն անմիջապես կսկսի մեծացնել իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում, իսկ ամերիկյան հակառակորդները չեն կարողանա կղզում ռազմական բազաներ տեղակայել։
Մինչ այդ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, որի կազմում ինքնավարության կարգավիճակով ընդգրկված է Գրենլանդիան, կտրականապես մերժել էր ԱՄՆ նախագահի՝ Արկտիկայի կղզու նկատմամբ վերահսկողություն ստանալու մտադրությունը։ Ամերիկացի առաջնորդը բազմիցս հայտարարել էր, որ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին։ Դեռ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն հնարավոր է բռնակցել՝ Կոպենհագենին սպառնալով առևտրային մաքսատուրքերով՝ մերժման դեպքում։
Բոլոր կողմերի համար ընդունելի համաձայնագիր մշակելու նպատակով ստեղծվել էր Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ։ Դա տեղի էր ունեցել հունվարին կղզու արտգործնախարար Վիվիան Մոցֆելդտի և Դանիայի արտգործնախարար Լյոկե Ռասմուսենի՝ Վաշինգտոն կատարած այցից հետո։