Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 262 «կողմ», 159 «դեմ» ձայներով ընդունեց Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը կտրուկ մեծացնող պատժամիջոցների փաթեթը։ Այն թիրախավորում է ռուսական էներգետիկ և պաշտպանական ոլորտները, պատժամիջոցները շրջանցող «ստվերային նավատորմը» և Թրամփին հնարավորություն է տալիս մինչև 100 տոկոս մաքսատուրք սահմանել ռուսական նավթ ու գազ գնող երկրների ապրանքների նկատմամբ։
Մոսկվայի արձագանքը չուշացավ։ Կրեմլի խոսնակ Պեսկովը սահմանափակումներն անվանեց «ոչ բարեկամական» քայլ՝ զգուշացնելով, որ դրանց կիրառումը կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորումը։
Ընդամենը օրեր առաջ Վաշինգտոնը նոր թափ հաղորդեց ամիսներ շարունակ Իրանի ուղղությամբ Վաշինգտոնի գերկենտրոնացման պատճառով գրեթե սառած բանակցություններին։ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները սեպտեմբերի սկզբին նախ Մոսկվայում էին, ապա Կիևում՝ երկու կողմերին տանելով կարգավորման ամերիկյան նոր կամ նորացված մոտեցումները։ Մինչ այդ՝ օգոստոսի վերջին, Մոսկվա էր մեկնել նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։ Իսկ այժմ Կիևից հայտնում են, թե պատրաստվում են հոկտեմբերին ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսմանը։
Ստացվում է՝ մի ձեռքով Վաշինգտոնը փորձում է Մոսկվային վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, մյուսով՝ նրա գլխավերևում բարձրացնում է նոր պատժամիջոցների մահակը։ Արդյո՞ք գործ ունենք հակասության հետ։
Ինչո՞ւ է Վաշինգտոնը շտապում, իսկ Մոսկվան՝ սպասում
Ամերիկյան մաքոքային դիվանագիտությունը բացել է բանակցությունները վերսկսելու ճանապարհը, բայց չի վերացրել գլխավոր խոչընդոտը․ Ռուսաստանը շարունակում է պահանջել նաև Դոնբասի այն տարածքները, որոնք տարիների պատերազմից հետո դեռ չի կարողացել գրավել, իսկ Կիևը հրաժարվում է դրանք հանձնել։
Այստեղ է, որ Մոսկվան կարող է պարզ հաշվարկ անել․ եթե Վաշինգտոնն արագացել է, ուրեմն արագ արդյունք է ակնկալում, հետևաբար պետք է այնպես անել, որ, ինչպես նախկինում, ամերիկյան ճնշումն ուղղվի Կիևի դեմ՝ նրանից ստանալու այն զիջումները, որոնք բանակցություններով ինքը չի կարողանում ստանալ։ Դրանով կարելի է բացատրել Մոսկվայում Քուշների ու Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինի արած ակնարկը, թե Ռուսաստանը ռազմաճակատում հաջողություններ է արձանագրում, ասել է թե՝ իրենց բանակցային դիրքերն ամուր են, շտապելու տեղ չունեն, և իրենք չեն, որ պետք է մտածեն զիջումների մասին։
Ռուսական այս տակտիկայի պատճառները կարող են թաքնված լինել հենց Վաշինգտոնում։ Մոսկվայում գիտեն, որ Թրամփը ցայտնոտի եզրին է։ Իրանի դեմ պատերազմը մտել է արդեն յոթերորդ ամիս. Թրամփը սեպտեմբերի 16-ին դեռ միայն հույս էր հայտնում, որ այն մոտենում է ավարտին։ Հակաիրանական արշավի հետևանքով նավթի ու վառելիքի թանկացումն արդեն նոյեմբերի 3-ի ընտրություններից շաբաթներ առաջ հարվածում է հանրապետականների դիրքերին, իսկ վստահելի հարցումների տվյալներով՝ դեմոկրատները հանրապետականներին 44–37 հաշվով գերազանցում են Կոնգրեսի ընտրություններից երկու ամիս առաջ։
Հենց այս ֆոնին է, որ հնարավոր չէ անտեսել Ռուսաստանի դեմ սանկցիոն փաթեթի առաջխաղացման ու ընդունման և սկսված մաքոքային դիվանագիտության ժամանակագրական համընկնումը։
Իրանի ուղղությամբ դեռ տեսանելի հանգուցալուծում չունեցող և նոյեմբերյան ընտրություններին վատ մեկնարկային դիրքերով մոտեցող վարչակազմի համար Ուկրաինայում բանակցությունների վերսկսումը, դրանցում առաջընթացը կամ առնվազն այդպիսի առաջընթացի պատրանքը կարող է դառնալ այն արտաքին քաղաքական արդյունքը, որը Թրամփը կարող է մատուցել ընտրողին մինչև քվեարկությունը։ Այս իմաստով նոր պատժամիջոցները ձեռք են բերում բանակցային խաղաքարտի իմաստ․ դրանք պարզապես հերթական սահմանափակումները չեն Ռուսաստանի դեմ։
Վաշինգտոնը, ըստ էության, փորձում է փոխել ժամանակի արժեքը։ Եթե Մոսկվայի հաշվարկն այն էր, որ բանակցությունների ձգձգումը վերջում կստիպի արագ արդյունք փնտրող ԱՄՆ-ին ավելի ուժեղ ճնշել Կիևին, ապա նոր փաթեթը հակառակ հաշվարկն է առաջարկում․ որքան երկար է ձգվում համաձայնությունը, այդքան այն ավելի թանկ կարող է արժենալ հենց Ռուսաստանին։
Շախմատ՝ ընտրական խաղատախտակներին
Բայց պատժամիջոցների մահակը դեռ չի նշանակում, որ Մոսկվան պատրաստ է փոխել իր պահանջները։ Նոր փաթեթը կարող է Ռուսաստանին ավելի շահագրգռել շարունակել բանակցությունները, բայց դեռևս ոչ՝ Դոնբասի հարցում գնալ զիջման։
Ավելին՝ կարճաժամկետ արդյունքը կարող է նույնիսկ հակառակը լինել։ Ռուսաստանն էլ իր ընտրական ժամացույցն ունի․ սեպտեմբերի 18–20-ը Պետդումայի ընտրություններն են։ Պուտինն արդեն դրանք ներկայացրել է որպես պատերազմի պայմաններում իշխանության նկատմամբ հանրային վստահության ցուցիչ։ Այս իրավիճակում ամերիկյան նոր ճնշմանը զիջողի իմիջով հանդես գալը Կրեմլի համար կնշանակեր ընտրությունների շեմին ցուցադրել իր թուլությունը։
Եվ ստացվում է, որ այս փուլում երկու գերտերությունները խաղում են միմյանց ընտրական խոցելիությունների վրա։
Հետևաբար, իրական փորձությունը կարող է սկսվել ընտրություններից հետո, երբ հրապարակային անզիջողականությունից ավելի կարևոր կդառնա, թե որքան թանկ է Ռուսաստանին նստելու բանակցությունները շարունակ ձգձգելը և որքան սկզբունքային կլինի Թրամփը սանկցիոն փաթեթով իրեն տրված լծակները հայեցողաբար կիրառելու հարցում՝ հաշվի առնելով, որ ընդամենը օրեր առաջ նրա բանագնացները Մոսկվայում, ձեռքի հետ, նաև քննարկում էին Ռուսաստանի հետ ընդհանուր տնտեսական համագործակցության հնարավորությունները։
Գոռ Աբրահամյան
