Fox․ Թրամփը Իրանի վերաբերյալ որոշում կայացնելու փուլում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության վերաբերյալ որոշում կայացնելու փուլում է և առաջիկայում խոշոր իրադարձություններ է կանխատեսել։

«Ես հենց նոր խոսեցի նախագահ Թրամփի հետ Իրանի հետ կապված իրավիճակի մասին։ Նա Fox News-ին ասել է, որ որոշում կայացնելու փուլում է, և որ ոչ այնքան հեռավոր ապագայում շատ խոշոր իրադարձություններ են տեղի ունենալու»,- հեռուստաալիքի եթերում ասել է լրագրող Թրեյ Յինգստը։

Նրա խոսքով՝ Թրամփն իր հետ զրույցում նշել է իրադարձությունների զարգացման երեք տարբերակ՝ «ոչնչացնել Իրանին, թույլ տալ, որ այն տնտեսապես քայքայվի, կամ գործարք կնքել»։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտնել էր, որ տեղեկություններ ունի այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է մոտ ապագայում վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։

Leave a Comment