Կոպիրկինը մեկնաբանել է քվեարկության հերթը ՌԴ դեսպանության մոտ – armeniatoday.am

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում Ռուսաստանի դեսպանության մոտ Պետդումայի ընտրություններին քվեարկելու համար գոյացած հերթը բացատրել է Հայաստանում ՌԴ քաղաքացիների մեծ թվով և ընտրություններին իրենց դիրքորոշումն արտահայտելու ցանկությամբ։

«Պետդումայի ընտրություններն ինքնին շատ կարևոր իրադարձություն են երկրի և նրա քաղաքացիների կյանքում։ Այստեղ բավական շատ են Ռուսաստանի քաղաքացիները։ Միանգամայն բնական է, որ մարդիկ ցանկանում են արտահայտել իրենց դիրքորոշումը»,- ասել է նա լրագրողներին։

Կոպիրկինի գնահատմամբ՝ Ռուսաստանն իր պատմության պատասխանատու և բարդ փուլում է, ինչի պայմաններում ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն։

Դեսպանը հայտնել է, որ ժամը 15։00-ի դրությամբ քվեարկել է 1808 մարդ՝ չհստակեցնելով՝ տվյալը վերաբերում է միայն Երևանի՞, թե՞ նաև Գյումրիի ընտրատեղամասին։

Նրա խոսքով՝ այդ պահի դրությամբ քվեարկության ընթացքում արտակարգ միջադեպեր չեն գրանցվել։ Կոպիրկինը նաև շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ դեսպանության մոտ անվտանգությունն ապահովելու համար։

Երևանում ՌԴ դեսպանությունում և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում բացված ընտրատեղամասերը կաշխատեն մինչև տեղական ժամանակով ժամը 20։00-ն։ Դեսպանը հայտնել է, որ տեղամասերում դիտորդներ կան, իսկ Հայաստանում հեռավար քվեարկություն նախատեսված չէ։

Պատասխանելով 2021 թվականի ընտրությունների համեմատ մասնակցության մասին հարցին՝ Կոպիրկինը ենթադրել է, որ այս անգամ այն ավելի բարձր կլինի, սակայն առաջարկել է սպասել քվեարկության ավարտին։

Ռուսաստանում սեպտեմբերի 18–20-ն անցկացվում են Պետդումայի իններորդ գումարման ընտրությունները։ Միաժամանակ անցկացվում են նաև տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Leave a Comment