
Հայտնի դիպլոդոկի ամբողջությամբ պահպանված բրածո մնացորդներ են առաջին անգամ հայտնաբերվել Եվրոպայում։ Ինչպես գրում է The Independent-ը՝ հղում կատարելով Journal of Vertebrate Paleontology ամսագրում հրապարակված հետազոտությանը, մինչ այժմ երկարավիզ զաուրոպոդ Diplodocus-ի մնացորդները հայտնաբերվել էին միայն Մորիսոնի ֆորմացիայում՝ ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող ամենահայտնի պալեոնտոլոգիական վայրերից մեկում։
Սակայն Իսպանիայի արևելքում՝ Տերուել նահանգի Լա Տեխերիա տեղանքում, վերջերս իրականացված պեղումների ընթացքում հետազոտողները հայտնաբերել են պոչի 14 ողեր և այս հայտնի դինոզավրի բազմաթիվ այլ չափազանց լավ պահպանված ոսկորներ։ Գտածոյի տարիքը գնահատվում է մոտ 150 միլիոն տարի։ Այն համոզիչ վկայություն է դարձել, որ ուշ յուրայի ժամանակաշրջանում դինոզավրերը կարող էին տեղաշարժվել Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև։ Հետազոտողների կարծիքով՝ կենդանիները կարող էին հաղթահարել մայրցամաքների միջև եղած հեռավորությունը ժամանակավոր ցամաքային «կամուրջների» շնորհիվ, որոնք պարբերաբար առաջանում էին նախաատլանտյան օվկիանոսի ջրերի նահանջի ժամանակ։
