Պատերազմներ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում․ համաշխարհային առաջնորդները հավաքվում են ՄԱԿ-ում

Համաշխարհային լիդերները սեպտեմբերի 22-29-ը կհավաքվեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելու համար, որն այս տարի անցնում է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ռազմական հակամարտությունների սրման, ինչպես նաև կազմակերպության խորը ֆինանսական ու քաղաքական ճգնաժամի ֆոնին։

Այս նստաշրջանի առանցքային թեմաներից մեկը լինելու է Մերձավոր Արևելքում իրավիճակը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պատերազմը, որը գլոբալ գնաճի պատճառ է դարձել։

Սպասվում է, որ չորեքշաբթի օրը ելույթ կունենա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, իսկ հինգշաբթի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ԱՄՆ իշխանությունները կրկին մերժել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի վիզան, սակայն Գլխավոր ասամբլեան քվեարկությամբ թույլատրել է նրան հանդես գալ տեսակապի միջոցով։

Մեկ այլ կարևորագույն խնդիր է Ուկրաինայի պատերազմը․ նախագահ Վլադիմիր Զելենսկին նպատակ ունի ամրապնդել երկրի դիրքերը հերթական ծանր ձմեռվանից առաջ, քանի որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ռուսաստանի կողմից նստաշրջանին կմասնակցի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտադիր է կենտրոնական թեմաներից մեկը դարձնել նաև արհեստական բանականության սպառնալիքները՝ կոչ անելով ստեղծել ընդհանուր սահմանափակումներ համաշխարհային աղետը կանխելու համար, ինչը նրան հակադրության մեջ է դնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն ավելի վաղ արհեստական բանականության ռիսկերն անվանել էր կեղծիք։

Թրամփի վերադարձը ՄԱԿ-ի միջազգային հարթակ տեղի կունենա Վաշինգտոնի կողմից կազմակերպության նկատմամբ կոշտ ճնշումների պայմաններում․ դեռևս 2026 թվականի հունվարին ԱՄՆ-ն հայտարարել է ՄԱԿ-ի 31 կառույցների, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի, ԱՀԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ Այս շաբաթ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի բյուջեին է փոխանցել 725 միլիոն դոլար անդամավճար՝ այդպիսով խուսափելով Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կորցնելուց։ Այդուհանդերձ, Վաշինգտոնը դեռևս ավելի քան մեկ միլիարդ դոլարի պարտք ունի կազմակերպությանը և շարունակում է բյուջետային կրճատումների ու արմատական բարեփոխումների պահանջներ ներկայացնել

Ակնկալվում է, որ Թրամփն իր խաղաղության նախաձեռնությունները կներկայացնի երեքշաբթի օրը։

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը բաց կթողնի Գլխավոր ասամբլեան՝ Թրամփի հետ առանձին հանդիպում ունենալու նպատակով։

Leave a Comment