Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Երևանում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային փառատոնը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին և ստեղծագործական ժառանգությանը, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Փառատոնի շրջանակում նախատեսված են համերգներ, ցուցադրություն, գրքերի շնորհանդեսներ և թատերական ընթերցումներ։ Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի և արտերկրի արվեստագետներ ու երաժիշտներ։
Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի շիրիմին ծաղիկների խոնարհման արարողությամբ։ Նույն օրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը՝ Հայաստանից, Մեքսիկայից և Ֆրանսիայից արվեստագետների մասնակցությամբ։
Ծրագրում ընդգրկված են նաև Ռուբեն և Արսեն Դալիբալթայանների դաշնամուրային երաժշտության երեկոն, Վահագն Հայրապետյանի Armenian Colors Quartet համերգային ծրագիրը և «Կոմիտասյան ընթերցումները»՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանների մասնակցությամբ։
Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գրքի շնորհանդեսով և ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի համերգով։
