3 տարի առաջ այս օրերին Արցախում պատերազմ էր։
Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց 9 ամիս շրջափակման մեջ գցած Արցախի դեմ։
2023-ի սեպտեմբերի 19-ին Փաշինյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ: Բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր՝ արտաքին, նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ»։
Հայաստանն Արցախին թողեց մենակ։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն Ադրբեջանի անբաժան մաս ճանաչած Փաշինյանի հայտարարություններից ու պաշտոնական դիրքորոշումից հետո Ադրբեջանն Արցախն առավ շրջափակման մեջ և 9 ամիս սովի մատնեց արցախցիներին՝ նրանց զրկելով նաև գազից, հումանիտար օգնությունից։
Հիշենք, թե 2019 թ. մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում. «Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»։
Արդեն 3 տարի Հայաստանի իշխանությունները բոլոր ճակատներում փորձում են մոռացության տալ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Արցախի շրջափակումը, հայաթափումը՝ վախեցնելով «պատերազմի սպառնալիքով»։
Հաց և տեսարան. այս մեթոդով հայ ժողովրդի հիշողությունից փորձում են մաքրել Արցախը, Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի էսկալացիան ու 224 զոհերին, 44-օրյա պատերազմն ու 5000 զոհերին։
Սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման 3-րդ տարելիցին, Խաչիկ գյուղում անց կացվեցին Գաթայի փառատոն, Ձորաղբյուրում՝ բերքի տոն, Վանաձորում, Սպիտակում, Կապանում՝ բացօթյա համերգներ։ Սեպտեմբերի 20-ին Գյումրիում է լինելու համերգ։
Հայաստանի իշխանությունները ոչ մի տառ չեն արտասանել ու չեն գրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի հետ տեղի ունեցած ողբերգության մասին. կարծես այդպիսի բան չի էլ եղել։ Ավելին՝ սեպտեմբերի 18-ին Փաշինյանը Գերմանիայում ստացավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հեսսեյան խաղաղության մրցանակ»։
Մրցանակն ստանալիս Փաշինյանն աել է. «Ցանկանում եմ գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին»։
Մրցանակ՝ սեփական ժողովրդի ցավը, իրավունքները, հայրենազրկումը, ցեղասպանությունն արհամարհելու, ջնջելու, ցեղասպանի ձեռքը հաճույքով ու նվիրումով սեղմելու, նրա հրահանգները կատարելու համար։
Դե ինչ սպասենք, որ սեպտեմբերի 27-ին էլ գալա-համերգ կկազմակերպվի Երևանի կետնրոնում։