Նիդեռլանդների վարչապետը Հաագայի ցույցերի մասնակիցներին մեղադրել է ոստիկանության վրա հարձակվելու մեջ

Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետտենը Հաագայի կենտրոնում գտնվող Մալիվելդ հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներին մեղադրել է ոստիկանության հետ բախումների ձգտելու և իրավապահների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։

«Այսօր Մալիվելդում անկարգությունների մասնակիցները միտումնավոր փորձում էին առճակատման գնալ ոստիկանության հետ։ Իրավապահների նկատմամբ բռնություն էր կիրառվում, հնչում էին ծայրահեղ աջ և հակասեմական զզվելի կարգախոսներ, ցուցադրվում էին նացիստական ողջույններ»,- X-ում գրել է կառավարության ղեկավարը։

Յետտենը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանն ու քաղաքային իշխանություններին՝ անկարգությունների ժամանակ իրականացրած գործողությունների համար։ «Մենք հաստատակամորեն պաշտպանում ենք մեր իրավական պետությունը և թույլ չենք տա չարաշահել ցույցեր անցկացնելու իրավունքը»,- ընդգծել է վարչապետը։

Սեպտեմբերի 19-ին Հաագայի կենտրոնում գտնվող Մալիվելդ հրապարակում մի շարք ծայրահեղ աջ շարժումների հակակառավարական ցույցը վերաճել է զանգվածային անկարգությունների։

Ինչպես տեղից հաղորդել է ТАСС-ը, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ շշեր, մետաղյա տարաներ, փայտե ձողեր և պիրոտեխնիկա են նետել, ինչպես նաև պոկել են ճանապարհային նշաններ։

Իրավապահները ներգրավել են հատուկ ստորաբաժանումներ, հեծյալ ոստիկանություն և ծառայողական շներով կինոլոգիական խմբեր։ Հաագայի քաղաքապետարանի որոշմամբ ցույցը դադարեցվել է բռնության բազմաթիվ դեպքերի պատճառով։

Ցույցը ցրելիս ոստիկանությունը ակտիվորեն ուժ է կիրառել, հետապնդել փախչող ցուցարարներին և զանգվածային ձերբակալություններ իրականացրել։

Leave a Comment