Ռուսաստանում այսօր մեկնարկել են Պետդումայի ընտրությունները։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մինչև սեպտեմբերի 20-ը։ Քվեարկություն է կազմակերպվել նաև Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում։ 450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
-Ի՞նչ ակնկալիքներ կան։
-Ընդհանուր առմամբ, ընտրության արդյունքը կանխատեսելի է․ Ռուսաստանում լինելու է իշխանության դիրքերի պահպանում։ Հարցն այն է՝ ինչպիսի ներիշխանական պրոցեսներ կարող են տեղի ունենալ։ Այսինքն, ինտրիգը Պետդումայի ընտրություններում ավելի շատ լինելու է հետնաբեմային, ոչ թե առերևույթ արդյունքի տեսքով։
-Այս ընտրություններն ինչո՞վ կարող են տարբերվել 2021 թվականի Պետդումայի ընտրություններից՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմը։
-Հենց սա է, որ հետնաբեմային այդ ինտրիգ է առաջացնում, որովհետև պատերազմը, բնականաբար, տարբեր տրամադրություններով է արտահայտվում Ռուսաստանի ներկայիս վերնախավի շրջանում։ Բնականաբար, մեծ ազդեցությամբ ավելացել է հենց պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքների գործոնը և, այդպես, շղթայական ազդեցություն է ունենում նաև վերնախավում տրամադրությունների հարաբերակցության վրա։ Նաև անկասկած է, որ այս պատերազմը, արագ կամ դանդաղ ազդեցությամբ, բերելու է վերնախավի կազմի փոփոխության, ինչն արդեն իսկ մեկնարկած գործընթաց կարելի է համարել՝ նվազագույնը հենց հոգեբանական տրամադրությունների իմաստով։ Այս ամբողջն է, որ սրում է այդ հետնաբեմային ինտրիգը, թե ընտրական պրոցեսն ինչպիսի ազդեցություն կունենա այդ ինտրիգի արագացման կամ դանդաղեցման, կառավարելիության և այլ տեսանկյունից։
-ՌԴ ԱՀԾ-ն Եվրոպային մեղադրել էր այս ընտրություններին միջամտելու փորձերի մեջ։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Կարծում եմ՝ առնվազն քարոզչական տեսանկյունից հասկանալի է այս հայտարարությունը։ Իսկ գործնականում կա՞ ազդեցություն, թե՞ ոչ․ մենք տեսնում ենք նաև, որ, օրինակ, արևմտյան երկրներում էլ նույն կերպ Ռուսաստանին են մեղադրում ազդեցության համար։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ազդեցության փորձերը բացառել չի կարելի. բոլորը բոլորի վրա փորձում են ազդել՝ օգտագործելով նաև նոր տեխնոլոգիաները։ Նաև բացառիկ չէ այն, որ այդ ազդեցության մասին ինֆորմացիոն միջավայրի ձևավորումն օգտագործում են հասարակություններին կոնսոլիդացնելու համար։ Ինչպես, օրինակ, տեսնում ենք, այդ Ռուսաստանի սպառնալիքը եվրոպական վերնախավերն օգտագործում են իրենց ցանկացած քաղաքական ընդդիմախոսին լռեցնելու համար, և նույն տրամաբանությունն էլ, կարծում եմ, կարող է օգտագործվել Ռուսաստանում՝ այդպիսի տեղեկություններ տարածելով։
-Առհասարակ, ի՞նչ է փոխվել Ռուսաստանի քաղաքական և ընտրական դաշտում 2021 թվականի Պետդումայի ընտրություններից հետո։
-Դարձյալ նշեմ, որ Ռուսաստանի համակարգն այնպիսին է, որ շատ բան նկատելի չէ առերևույթ, և միայն փոփոխություններով դժվար է դատել, թե ինչ ներքին տրանսֆորմացիա կարող է տեղի ունենալ ռուսական կառավարող վերնախավում, տնտեսաքաղաքական շրջանակներում։ Անկասկած է, որ ավելի քան 4 տարի տևող պատերազմը և առհասարակ այն մեծ պրոցեսը, որի մեջ մտել է Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեղի, դերի վերափոխման և նաև աշխարհակարգի համար այս միջազգային, գլոբալ պայքարի տեսանկյունից, չի կարող ազդեցություն չունենալ ներսում և չբերել փոփոխությունների։ Սա նաև օբյեկտիվ պահանջ է այն իմաստով, որ Ռուսաստանին այս արտակարգ իրավիճակում պահանջվում է ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա, այլապես հնարավոր չէ կենսունակ լինել այն խաղադրույքի պայմաններում, որ արել է Ռուսաստանը։
