Փարիզի դատարանը բավարարել է հայազգի ամերիկացի գործարար Քիմ Քարդաշյանի հայցը՝ 2016 թվականի զինված կողոպուտի գործով սահմանելով նրա պահանջած խորհրդանշական 1 եվրո փոխհատուցումը, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Քարդաշյանն ու նրա ոճաբան Սիմոն Հարուշը, որի օգտին ևս իր պահանջած 1 եվրո փոխհատուցումն է սահմանվել, հայտնել են, որ վճիռն իրենց համար, առաջին հերթին, պատասխանատվության և իրենց վերապրածի ճանաչման, այլ ոչ թե փոխհատուցման չափի մասին է։
Կողոպուտը տեղի էր ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։ Ոստիկանական հագուստով երկու հանցագործ ներխուժել էր Փարիզի Hôtel de Pourtalès հյուրանոցի Քարդաշյանի համարը, կապել նրան և հափշտակել ավելի քան 6 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։ Զարդերի մեծ մասը, այդ թվում՝ 4 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին, մինչ օրս չի հայտնաբերվել, գրում է Reuters-ը։
Hôtel de Pourtalès-ի ընդունարանի նախկին աշխատակցի օգտին դատարանը սահմանել է 109 516 եվրո փոխհատուցում, իսկ հյուրանոցի օգտին՝ 50 000 եվրո։
Փարիզի դատարանը 2025 թվականի մայիսին 8 անձի մեղավոր էր ճանաչել կողոպուտին մասնակցելու համար։ Նրանք տարբեր պատժաչափեր էին ստացել, սակայն ոչ ոք կրկին բանտ չէր վերադարձել, քանի որ հաշվի էր առնվել նախնական կալանքի տակ անցկացրած ժամկետը։
