Երևանցի Վանիկ Ոսկանյանի սպանության մեջ մեղադրվող Բևերլի Հիլզի 19-ամյա բնակիչ Քոնորեյ Լավանտարան 2 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, գրում է ամերիկյան Los Angeles Times թերթը։
Ոսկանյանն օգոստոսի 30-ին մահացել է Նորթ Փալմ դրայվի 400-րդ թաղամասի հարևանությամբ գտնվող նրբանցքում տեղի ունեցած դանակահարությունից։ Բևերլի Հիլզի ոստիկանության և Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական ծառայության տվյալներով՝ 40-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է բազմաթիվ դանակային վնասվածքներից։
Լավանտարային սեպտեմբերի 2-ին սպանության մեղադրանք է առաջադրվել։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ դանակն օգտագործել է ինքնապաշտպանության նպատակով։ Բախման ժամանակ մեղադրյալը ևս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Սեպտեմբերի 3-ի դատական նիստում փաստաբան Դեբրա Ուայթը հայտարարել է, որ բանավոր վիճաբանությունից հետո Ոսկանյանը բռնել է իր պաշտպանյալի պարանոցից և բաց չի թողել, ինչից հետո Լավանտարան դանակ է հանել։ Los Angeles Times-ը, հղում անելով California Post-ին, գրել է, որ դատավոր Քիթ Շվարցը նշել է՝ Լավանտարան կարող էր չմտնել Ոսկանյանի հետ բախման մեջ։
Լավանտարան գրավ է վճարել և սեպտեմբերի 4-ին ազատ արձակվել կալանքից։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 5-ին, երբ դատարանը պետք է որոշի նախնական լսումների ամսաթիվը։
Ոսկանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Բըրբենքի Սուրբ Ղևոնդ հայկական առաջնորդանիստ եկեղեցում, որից հետո նրան հուղարկավորել են Գլենդելի Grand View հուշահամալիր-գերեզմանատանը։ Արարողությանը մասնակցել է ավելի քան 100 մարդ։
Ոսկանյանը ծնվել էր Երևանում և 2009 թվականին տեղափոխվել Գլենդել։ Հարազատների և ընկերների խոսքով՝ նա ապրում էր մոր ու եղբոր հետ, սիրում էր կարդալ, հետաքրքրվում էր քաղաքականությամբ և սպորտով։ Հայաստանում Ոսկանյանը սովորել էր ատամնաբույժի մասնագիտությամբ, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո աշխատել շինարարության և ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև որպես ատամնատեխնիկ։
