Իլյա Յաշինը «ֆիզիկական սպառնալիքի» պատճառով չեղարկել է այցը Երևան

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է, որ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառով չեղարկել է իր այցը Հայաստան։

Յաշինը Միացյալ Նահանգներից պատրաստվում էր մեկնել Երևան՝ սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի դեսպանատան ընտրատեղամասում նախատեսված հակապատերազմական միջոցառմանը մասնակցելու և Հայաստանում բնակվող ռուսների հետ հանդիպելու։

Քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնում իրեն զգուշացրել են Հայաստան այցելելու հետ կապված որոշակի վտանգների մասին։

«Չեմ կարող մանրամասներ հայտնել, սակայն խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է։ Ես չեմ կարող անտեսել այս տեղեկությունը և ստիպված եմ հետևել անվտանգության կանոններին։ Ուստի իմ այցը Հայաստան հետաձգվում է, իսկ նախատեսված միջոցառումներին մասնակցությունս՝ չեղարկվում»,-գրել է Յաշինը Telegram-ում։

Ընդդիմադիր գործիչը հավելել է, որ փոխել է իր ծրագրերը և կմասնակցի «Կեսօր՝ հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիային։ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, նա նախատեսում է գնալ Նյու Յորքում Ռուսաստանի հյուպատոսության մոտ գտնվող ընտրատեղամաս։

Ավելի վաղ Յաշինը և արտերկրում բնակվող մի շարք ռուս ընդդիմադիր գործիչներ կոչ էին արել Պետդումայի ընտրությունների վերջին օրը կազմակերպել «Կեսօր՝ հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիան։ Նրանք Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը դեմ ռուսաստանցիներին հորդորել էին ընտրատեղամասեր ներկայանալ ուղիղ ժամը 12:00-ին։

Leave a Comment