«Ուժեղ Հայաստանն» արցախցիների վերադարձի հարցն առաջնահերթություն է անվանել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն արցախցիների անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանությունն իր առաջնահերթություններից է համարում, ասված է Արցախի կորստի և հայ բնակչության բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ տարածած կուսակցության հայտարարությունում։

Կուսակցությունը մտադիր է միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել արցախահայության իրավունքների հարցը։ Խոսքը նաև սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու պաշտպանության մասին է։

Հայտարարությունում տեղի ունեցածի պատասխանատվությունը վերագրվում է ամիսներ տևած շրջափակումից հետո Արցախի վրա հարձակված Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանի գործող իշխանություններին, որոնց քաղաքականությունը կուսակցությունը ձախողված է որակել։

«Արցախի կորուստը միայն արցախահայության ողբերգությունը չէ։ Այն համազգային ցավ է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայի և առնչվում է մեր ժողովրդի պատմական հիշողությանը, իրավունքներին ու արժանապատվությանը»,- ասվում է հայտարարությունում։

«Ուժեղ Հայաստանը» նաև հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի թեման դուրս մղել հանրային օրակարգից։

Կուսակցությունն ընդգծել է, որ պատմական իրողությունները չեն կարող մոռացության մատնվել քաղաքական որոշմամբ, իսկ բնակչության բռնի տեղահանումը չի վերացնում նրա իրավունքները։

Կուսակցությունը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և մյուս հայերին, որոնք, ինչպես ընդգծվում է հայտարարությունում, ապօրինի պահվում են Ադրբեջանում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողություններին հաջորդել էր Արցախի ամբողջ բնակչության բռնի տեղահանումը։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

Leave a Comment