240 մլն դոլարի վարկ, 24.4 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում և 10 մլն դոլարի դրամաշնորհ․ ՍԴ-ի որոշումը

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները։  Iravaban.net-ը ուսումնասիրել է սեպտեմբերի 15-ին ընդունված ՍԴ համապատասխան որոշումը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի ապրիլի 29-ին և 30-ին։ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ այն վերաբերում է փախստականների համար բնակարանային հասանելիության և հիփոթեքային շուկայի զարգացմանն առնչվող մի շարք խնդիրների լուծմանը։

Կառավարությունը 2026 թվականի հուլիսի 9-ի N 1003-Ա որոշմամբ հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը և նույն օրը դիմել էր Սահմանադրական դատարան՝ համաձայնագրով ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։

Ի՞նչ ֆինանսավորում է նախատեսվում

Համաձայնագրի շրջանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին տրամադրում է 240 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ ֆինանսավորման ոչ արտոնյալ մասով։ Բացի այդ, նախատեսվում է 24,4 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում, որը կազմում է ֆինանսավորման արտոնյալ մասը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև 10 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Բանկը, մասնավորապես, համաձայնել է Ազգային հիփոթեքային ընկերությանը տրամադրել 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ ծրագրի II մասի իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության երաշխիքով։ Վարկի փակման ամսաթիվը սահմանված է 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ մասհանումների վերջնաժամկետը՝ փակման ամսաթվից հետո չորս ամիսը։

Ո՞րն է ծրագրի նպատակը

Ֆինանսական համաձայնագրի համաձայն՝ ծրագրի նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։

Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական մասից՝

  • բնակարանային սուբսիդիաներ և աջակցություն ինստիտուցիոնալ զարգացմանը,
  • բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացում,
  • ծրագրի կառավարում, հաղորդակցություն, մոնիթորինգ և գնահատում։

Հայաստանի Հանրապետության պարտավորությունները

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը մի շարք ֆինանսական և կազմակերպական պարտավորություններ է ստանձնում։

Մասնավորապես, Հայաստանը պետք է վճարի ֆինանսավորման ոչ արտոնյալ մասի 0,25 տոկոսի չափով սկզբնավճար, ինչպես նաև չառհանված գումարի տարեկան 0,25 տոկոսի չափով պարտավորության վճար։

Նախատեսվում է նաև տոկոսների վճարում՝ ֆինանսավորման ոչ արտոնյալ մասի առհանված գումարի բազային տոկոսադրույքաչափի և փոփոխական սպրեդի հանրագումարի չափով կամ փոխարկումից հետո կիրառելի այլ դրույքաչափով։

Ֆինանսավորման ոչ արտոնյալ մասի մայր գումարի մարումը նախատեսված է 2036 թվականի փետրվարի 1-ից մինչև 2054 թվականի փետրվարի 1-ը՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին 2,63 տոկոս մասնավճարով, իսկ 2054 թվականի օգոստոսի 1-ին՝ 2,69 տոկոս մասնավճարով։

Ծրագրի իրականացումը

Ծրագրի իրականացման ընդհանուր պատասխանատվությունը վերապահվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Նախատեսվում է նաև ստեղծել Ղեկավար կոմիտե, որը պետք է գործի ծրագրի իրականացման ողջ ընթացքում և պատասխանատու լինի միջգերատեսչական բարձր մակարդակի համակարգման ու ռազմավարական իրականացման ընդհանուր դիտարկման համար։

Բացի դրանից, պետք է ստեղծվի Ծրագրի իրականացման թիմ, որը պատասխանատու կլինի ծրագրի իրականացման և մոնիթորինգի համար։

Համաձայնագրով նախատեսվում է նաև ծրագրի գործառնական ձեռնարկի պատրաստում և ընդունում։ Ծրագիրը պետք է իրականացվի այդ ձեռնարկի համաձայն։

Դրամական փոխանցումներ և հիփոթեքային սուբսիդիաներ

Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցության ծրագրի շահառուներին նախատեսվում է տրամադրել դրամական փոխանցումներ։

Համաձայնագրով սահմանված է, որ սոցիալական աջակցության ծրագրի մեկ շահառուի հաշվով դրամական փոխանցման գումարը չպետք է գերազանցի 125 ԱՄՆ դոլարը։ Նախատեսվում է նաև բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուներին հիփոթեքային սուբսիդիաների տրամադրում՝ ընտրված մասնակից ֆինանսական հաստատություններին ուղղակի վճարման միջոցով։

Համաձայնագրով նախատեսվում է, որ հիփոթեքային սուբսիդիաները պետք է տրամադրվեն և օգտագործվեն համաձայնագրի և հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթներին համապատասխան՝ նախատեսված նպատակներով։

Բնապահպանական և սոցիալական պահանջներ

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել, որ ծրագիրն իրականացվի Բանկի համար ընդունելի ձևով՝ բնապահպանական և սոցիալական ստանդարտների համաձայն։ Պետք է ապահովվի նաև ծրագրի իրականացումը Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի համաձայն։

Համաձայնագիրը նախատեսում է ծրագրի շրջանակում տուժած անձանց մտահոգությունների և բողոքների ստացման ու կարգավորման համար հասանելի մեխանիզմի սահմանում, հանրայնացում և գործարկում։

Բացի դրանից, ծրագրի շրջանակում մրցութային փաստաթղթերը և շինարարական կապալի պայմանագրերը պետք է ներառեն կապալառուների, ենթակապալառուների և տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտների՝ բնապահպանական և սոցիալական պահանջներին համապատասխանելու պարտավորությունները։

Այդ պայմանագրերով նախատեսվում է նաև վարքագծի կանոնների ընդունում և գործողության մեջ դնում, որոնք պետք է տրամադրվեն բոլոր աշխատողներին և ստորագրվեն նրանց կողմից։

Հաշվետվողականություն և վերահսկողություն

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է Բանկին ներկայացնի ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո։

Ծրագրի իրականացման ամբողջ ժամկետում պետք է պահպանվի նաև Բանկին բավարարող փորձ, որակավորում և լիազորությունների շրջանակ ունեցող ստուգումներ իրականացնող գործակալ։

Նրա գործառույթների թվում է տվյալների և կատարողականի պայմանների կատարումը հիմնավորող այլ ապացույցների ստուգումը, ինչպես նաև համապատասխան առհանումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։

Համաձայնագրով նախատեսված են նաև ֆինանսավորման առհանումների հետ կապված պայմաններ։ Մասնավորապես, որոշ կատեգորիաների վճարումների համար առհանումներ կարող են կատարվել միայն համապատասխան պահանջների, ստուգումների և անհրաժեշտ ապացույցների առկայության դեպքում։

Սահմանվում է նաև, որ որոշակի պայմանների կատարման վերաբերյալ բավարար ապացույց չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը պետք է Բանկին վերադարձնի համապատասխան ֆինանսավորման առհանված մնացորդը։

ՍԴ-ի որոշումը

Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

ՍԴ-ի որոշումը Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Leave a Comment