Հայաստանում ռուսական տնտեսվարողների նկատմամբ նկատվում են քաղաքական դրդապատճառներով «սեփականության վերաբաշխման» նշաններ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ նման քայլերն անպատասխան չեն մնա Մոսկվայի կողմից։
Գալուզինը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ զարգացումները որակել է որպես ներքաղաքական ասպարեզում մրցակցի դեմ հաշվեհարդար՝ կասկածի տակ դնելով իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնավորումները։
«Հատկանշական է, որ մինչ գործարարի հայտնվելը հանրապետության քաղաքական կյանքում, ընկերության աշխատանքի նկատմամբ որևէ հավակնոտ բողոք չկար: Ընդ որում, նոր կառավարիչները, որքանով կարելի է դատել, մեծ հաջողությունների չեն հասել այն ձեռնարկության ղեկավարման գործում, որտեղ հարյուրավոր միլիոն դոլարներ են ներդրվել»,- պարզաբանել է նա։
Անդրադառնալով հայկական երկաթուղիների կառավարումը երրորդ երկրի փոխանցելու խոսակցություններին՝ դիվանագետը հիշեցրել է, որ 2008 թվականից ի վեր «ՀԿԵ»-ն կատարել է շուրջ 388 մլն դոլարի ներդրումներ և վճարել 194 մլն դոլարի հարկեր։
«Վերանորոգվել է ավելի քան 520 կմ երկաթգիծ այն պայմաններում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ կառավարման տակ գտնվող ցանցի շահագործվող երկարությունը կազմում է շուրջ 700 կմ: Իրականացվել է կոճերի 50%-ի փոխարինում, անցկացվել է ավելի քան 50 կառույցների, այդ թվում՝ 38 կամրջի և երկու թունելի վերանորոգում և վերակառուցում: Ընկերությունը, որպես գործատու, ապահովում է ավելի քան 2.5 հազար մարդու զբաղվածություն»,- շեշտել է նա։
Ռուսական կողմն ընդգծել է, որ իր ընկերությունների օրինական շահերի ոտնահարումը վնաս է հասցնում Հայաստանի ներդրումային միջավայրին և «չի մնա առանց պատշաճ արձագանքի»։
Սեպտեմբերի 17-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ երկակի չափանիշներ են դրսևորվում։ Շոյգուն պնդել էր, որ նման գործընթացների հետևում սովորաբար Արևմուտքն է, որը ձգտում է վերահսկողություն պահպանել շահութաբեր տնտեսական ոլորտների, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների ու ռեսուրսների նկատմամբ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի երկաթուղու՝ ռուսական կառավարման ներքո գտնվելը միջազգային ներդրողների համար պատժամիջոցային ռիսկեր է ստեղծում և կարող է խոչընդոտել Հայաստանի՝ միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրմանը։ Պայմանագիրը կնքվել է 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
