Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի Պետական դումայի (խորհրդարանական) ընտրություններին միջամտելու և դրանք տապալելու փորձերի մեջ:
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ «ուկրաինական վերնախավը» փորձում է խոչընդոտել ընտրությունների բնականոն ընթացքին: Որպես Ուկրաինայի կողմից իրականացված միջամտության և ահաբեկման օրինակ՝ նա հիշատակել է Զապորոժիեի շրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով տեղի ընտրական հանձնաժողովի նախագահ Ելենա Աստանինայի զոհվելու փաստը, գրում է kommersant-ը:
Կրեմլի ղեկավարի պնդմամբ՝ Կիևի իշխանությունները հրապարակավ խոսում են խաղաղության և բանակցությունների վերսկսման պատրաստակամության մասին, սակայն նման գործողություններով անում են ամեն ինչ, որպեսզի ոչ մի խաղաղություն և բանակցություն չլինի:
Պուտինն ընդգծել է Մոսկվայի պաշտպանության հիմնական նպատակը՝ հիմնվել իր «միջուկային եռյակի» վրա, և նշել, որ Մոսկվան պետք է նաև քայլեր ձեռնարկի հակահրթիռային պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ։
Ուկրաինական կողմն ու միջազգային դիտորդները նախկինում բազմիցս ընդգծել են, որ ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում ընտրությունների անցկացումն օրենքով արգելված է անվտանգային նկատառումներից ելնելով, իսկ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում ընտրությունների անցկացումը համարվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում:
Սեպտեմբերի 18-ից 20-ը Ռուսաստանի 39 մարզերում ընթանում են Պետդումայի պատգամավորների և օրենսդիր ժողովների ընտրությունները: