Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը անսակարկելի է․ Բաղունց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման 3-րդ տարելիցի կապակցությամբ։

Բաղունցը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, իննամսյա շրջափակումից հետո լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի դեմ։ Միջազգային հանրության լռության պայմաններում ավելի քան 120 հազար արցախցիներ էթնիկ զտումների և բնաջնջման սպառնալիքի տակ ստիպված էին լքել իրենց պատմական հայրենիքը, նշել է նա։

Բաղունքը շեշտել է, որ արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձը պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և հիմնարար իրավունքների ապահովմամբ։

Նա կարևորել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայրենակիցների ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթությունը։

Բռնազավթված Արցախում հայկական կոթողների ոչնչացումն ու յուրացումը որակվել է որպես մշակութային ցեղասպանություն, որը պահանջում է անհապաղ միջամտություն, նշել է ԱԺ նախագահը։

Նա հորդորել է սոցիալական կայունության ապահովման և հումանիտար խնդիրների լուծման համար կարևորվել միջազգային շարունակական աջակցությունը։

Գագիկ Բաղունցն իր խոնարհումն է հայտնել հանուն հայրենիքի զոհված նահատակների հիշատակին՝ ընդգծելով, որ չնայած ծանր աշխարհաքաղաքական իրավիճակին, արցախցիների համախմբվածությունն ու պայքարի շարունակականությունն այլընտրանք չունեն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել էր 218 մարդ, վիրավորվել՝ 120-ը, 21-ն անհետ կորած է համարվում, կա 3 չնույնականացված դի։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

Leave a Comment