Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Երրորդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Խորվաթիայի ընտրանուն։ Իրենց պարտիաներում հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։
Տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ։ Հայաստանի թիմին հաղթական միավորը բերել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
Չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Արգենտինայի, իսկ կանանց հավաքականը՝ Ղազախստանի ընտրանու հետ։
Հայաստանի հավաքականները հաղթանակներ են տարել նաև օլիմպիադայի նախորդ երկու խաղափուլերում։ Առաջին տուրում տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Բարբադոսին, իսկ կանանց թիմը՝ 3,5։0,5 հաշվով Հոնկոնգին։ Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ, իսկ կանանց ընտրանին հաղթել էր Սինգապուրին։
