Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի պարտադիր կիրառման ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Միաժամանակ, արդեն գործող աշխատանքային պայմանագրերը թվային համակարգ մուտքագրելու վերջնաժամկետը կսահմանվի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Նախագծիընդունման անհրաժեշտությունը, կարգավորման նպատակը և բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-Ն և 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1954-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է համաձայն ՀՀ վարչապետի 2026 թվականի մարտի 25-ի N 249-Ա որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերի։ Մասնավորապես, Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-39-Ն և ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-40-Ն օրենքների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Նշված օրենքներով աշխատանքային պայմանագրերի կնքման, փոփոխման և լուծման գործընթացները բացառապես թվային համակարգի միջոցով իրականացնելու պահանջի կիրառման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Մինչ այդ ժամկետը աշխատանքային պայմանագրերը կարող են կնքվել թվային համակարգի միջոցով՝ կամավորության սկզբունքով։
Նշված օրենքներում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ գործող աշխատանքային պայմանագրերը թվային համակարգ մուտքագրելու ժամկետը նույնպես երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Բացի այդ, վերոնշյալ օրենքներով վերանայվել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող (փաստացի Հայաստանի Հանրապետությունում չգտնվող) անձանց, Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքման կարգավորումները։ Այդ փոփոխություններով պայմանավորված՝ այլևս անհրաժեշտ չէ կառավարության որոշմամբ առանձին կարգավորել օտարերկրացիների կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրության լուծումների վերաբերյալ դրույթը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ Վարչապետի աշխատակազմի ցանկի 8-րդ կետի պահանջներից, որով նախատեսված է «Աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացում» միջոցառումը:
Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին։
Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-Ն և 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1954-Ն որոշումների համապատասխանեցումը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-39-Ն և ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-40-Ն օրենքներով նախատեսված կարգավորումներին։
Նախագծի ընդունմամբ կապահովվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման ժամկետների համապատասխան արտացոլումը ենթաօրենսդրական կարգավորումներում, գործող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրման ժամկետների հստակեցումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց, Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների, փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացների կարգավորման համապատասխանեցումը գործող օրենսդրությանը։ Միաժամանակ, կվերացվեն այլևս արդիականություն չունեցող կարգավորումները, այդ թվում՝ օտարերկրացիների կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրության լուծումների վերաբերյալ առանձին դրույթը։