Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները, ասվում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Արձանագրվել է, որ նման գործողությունները ոտնահարում են եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։
«ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատեց հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղիէ ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովին մասնակցում էին նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։
ԳԽՀ-ն անդրադարձ է կատարել Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և կառավարության ծրագրում ներառված՝ եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Ներկայացվել են խտրական վարչարարության, եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։
Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրել է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը։
Ժողովականները քննարկեցին առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։
